ԿարևորՏնտեսական

Ֆրանսահայ գործարարներին հորդորում են ներդրումներ անել Հայաստանում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Եկեք, ներդրումներ արեք Հայաստանում, դա կկանխի արտագաղթն ու կվերացնի աղքատությունը, Ֆրանսահայ գործարարներին այսօր հորդորել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանում մեկնարկած ֆրանսահայ գործարարների եւ ներդրողների համաժողովում։ Սփյուռքի, Էկոնոմիկայի նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, Ֆրանս- հայկական առեւտրա- արդյունաբերական պալատի եւ Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի համատեղ կազմակերպած համաժողովին ներկա են  Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն և ավելի քան 40 ֆրանսահայ գործարար-ներդրողների։ 

Եկեք ու ներդրումներ արեք Հայաստանում, քանի դեռ ուշ չէ, ֆրանսահայ գործարարներին հորդորեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովն առիթ էր ֆրանսահայ գործարարների եւ ներդրողների ներկայությամբ խոսելու Հայաստանում ներդրումների համար պայմաններ ապահովող օրենսդրական դաշտի մասին ու այդպիսով գրավել գործարարներին: Նախարարը նաև նշեց, որ ներդրումները  նպաստեն աղքատության վերացմանն ու արտագաղթի կասեցմանը։

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն էլ նկատեց, որ իր հետ Երևան են եկել բազմաթիվ գործարարներ, ինչը վկայում է Մարսել-Երևան ջերմ հարաբերությունների մասին: Ֆրանսիական բազմաթիվ ընկերությունների ներկայությունը Հայաստանանում նշանակում է, որ ներդրումային միջավայրը հաջող է: Մարսելի քաղաքապետը նշեց, որ համաժողովը հարմար առիթ է գործարարների համար համագործակցության նոր ուղիներ գտնելու համար: Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ ,Հայաստանի ՄՄ անդամակցության որոշումը մատնանշելով, ասաց, որ ներդրումների դեպքում հնարավորություն կընձեռվի Ֆրանսիային ազատ մուտք ունենալ նաև այդ շուկա։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ֆրանսահայ գործարարներին ասաց, որ Ֆրանսիան Հայաստանում մեծությամբ երկրորդ ներդրողն է Ռուսաստանից հետո, իսկ Եվրոպայի շրջանակում` առաջինը: Դիվանագետը կոնկրետ շինարարության ու ապահովագրության ոլորտներում ներդրումների հնարավորւթյան մասին խոսեց՝ նշելով, որ այդ ոլորտներում հաղթաթուղթ ունի Ֆրանսիան և կարող է ներդրումներ անել Հայաստանում:

Ցուցադրել ավելի
Back to top button