Հասարակություն

Ֆինանսների փոխնախարարը վստահեցնում է՝ պետգնումների ոլորտը թափանցիկ կդառնա

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը մանրամասներեն ներկայացրեց ավելի քան մեկ տասնյակ փոփոխությունները, որոնք կատարվել են պետական գնումների իրականացման կարգերում` պարզաբանելով նաեւ այն առիթները, որոնք հիմք են հանդիսացել այդ փոփոխություններն իրականացնելու համար: Փոփոխությունների հիմնական մասն առնչվում են պետական գնումների իրականացման կարգավորումներին։


Այսուհետ գործելու է նաեւ միասնական կոդավորված համակարգ բոլոր ապրանքատեսակների գծով, ինչը թույլ կտա մեկ կոճակ սեղմելով տեսնել որեւէ ապրանք գնելու հետ կապված ամբողջական տեղեկատվություն եւ համապատասխան վերլուծություն կատարել: Ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը վստահեցրեց, թե կատարված բարեփոխումները մեկ նպատակ ունեն` առավել մեծացնել պետգնումների թափանցիկությունը։

Պատասխանելով հարցերին` փոխնախարարն անդրադարձավ այն դեպքերին, որոնցում պարզվել է, որ հաճախ պետական գնումներ են կատարվել մեկ անձի միջոցով, ավելին` պարզվել է, որ տվյալ մեկ անձն էլ պաշտոնյանների շրջապատից են: Նման երեւույթները հատկապես հանդիպում են մարզպետարանների կատարած գնումների դեպքում:

Ֆինանսների փոխնախարարի խոսքով` մարզպետարաններին գումարներ են հատկացվում հրատապ ծրագրերով: Ըստ նրա՝ շատ դեպքերում հենց հրատապ խնդիրների իրականացման պարագայում են ծագում մեկ անձի միջոցով գնումներ կատարելու անհրաժեշտությունը: Այսօր պահանջ է դրվում, որ առնվազն երեք հայտի առկայությամբ ընտրվի մեկը, նշեց փոխնախարարը:  Դիտարկմանը, որ անգամ նման դեպքերում փոխհամաձայնեցված մրցույթներ են տեղի ունենում եւ մշտապես ընտրվում է կրկին նույն մեկը` ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանն արձագանքեց, որ դրա համալ էր թափանցիկ են դարձնում ոլորտը։

Ֆինանսների նախարարության ֆինանսական ներքին հսկողության եւ գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանի պարզաբանմամբ էլ` փոխհամաձայնեցված կերպով մրցույթներին մասնակցելը հակամրցակցային համաձայնություն է գնումների գործընթացում, ուստի` դրանով զբաղվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Երկու կառույցների միջեւ համաձայնագիր կա, թե ինչպես պետք է աշխատել համատեղ նման դեպքերում, եզրափակեց Մակար Ղամբարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button