Սրտի ստենտավորումը պետությունից մեծ գումարներ չի պահանջում. պրոֆեսորն առաջարկում է այն կատարել պետպատվերով


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
ՌԴ առողջապահության նախարարության ռենտգենոներանոթային ախտորոշման և բուժման գծով գլխավոր մասնագետ, մեր հայրենակից պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը կրկին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Բժշկի հերթական այցը հայրենիք իր գործընկերներին սիրտանոթային վիրահատությունների նորարարական մեթոդներ փոխանցելն է: Այցի շրջանակներում Ալեքյանը կենտրոնի իր անունը կրող անգիոգրաֆիկ կենտրոնում իրականացնելու է բարդ դեպքերի էնդովասկուլյար վիրահատություններ:
«Որպես Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ մենք հիմա Ռուսաստանում հարց ենք դրել և այնպես ենք ուզում անել, որ բոլոր սուր ինֆարկտները 100 տոկոսով բուժվեն պետության հաշվին: Եվ այսպիսի մի թիվ կա՝ մեկ միլիոն բնակչության դեպքում Եվրոպայում կատարվում է 600 -700 ստենտավորում սուր ինֆարկտի ժամանակ; Իսկ դա մեծ գումար չի կազմում: Եթե վերցնենք Երևանի պայմաններում, որ պետք է տարեկան ստենտավորվի մոտ 1000 հիվանդ, եթե պետությունը գտնի միջոցներ և մոտավորապես 2000 դոլար ամեն վիրահատությանը վճարի, դա մեծ գումար չի կազմում՝ 2 միլիոն դոլար է»,- ասում է պրոֆեսոր Ալեքյանը։
Նրա խոսքով` ստենտավորմամբ հնարավոր է այսօր բուժել հիվանդին առանց կրծքավանդակում կտրվածք անելու: Ընդամենը կատետր տեխնոլոգիաներով մի փոքրիկ անցք է բացվում: Ըստ Ռուսաստանից ժամանած մասնագետի` այս ճանապարհով հնարավոր է բուժել սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը, ինչպես նաև սրտի արատ ունեցող հիվանդներին: Բժիշկը հավաստիացրեց, որ մեր բժիշկները վերապատրաստված են ստենտավորման համար, սակայն այստեղ խնդիրը ֆինանսական հնարավորություններն են։