Ուղեւորափոխադրողները պնդում են ուղեվարձի բարձրացման անհրաժեշտության մասին. փորձագետները՝ հակադարձում


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի հաշվարկը թանկացման ինչպես կողմնակիցները, այնպես էլ ընդդիմախոսները յուրովի են ընկալում։ Վերջիններիս թվին է պատկանում տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը, ըստ որի, ավտոբուսների և երթուղային տաքսիների պարագայում գործող 100 դրամ ուղեվարձը լիովին բավարար է նույնիսկ տրանսպորտի համակարգի ներկայիս անմխիթար վիճակը շտկելու համար։
Փորձագետը ասում է, որ հանրային կարգով ձևավորված հաշվարկի հիմքում դրված են տարբեր երթուղիներում իրականացված անմիջական ուսումնասիրությունները: Նա պատրաստակամություն հայտնեց ուղևորատար տրանսպորտի վիճակի շուրջ բանավիճել քաղաքապետի կամ այլ իրավասու պաշտոնյայի հետ:
Իսկ ահա փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը պնդում է, որ վերջին 17 տարվա ընթացքում չփոփոխված 100 դրամ ուղեվարձը արդեն վաղուց արդարացված չէ։ Ըստ նրա՝ թանկացման ընդդիմախոսները չեն տիրապետում առարկային: Այսօր մայրաքաղաքւմ թվով 23 երթուղի անշահութաբերության պատճառով չեն սպասարկվում փոխադրողների կողմից, իսկ նախկինում այստեղ զբաղված ընկերությունները նախընտրել են շարժակազմը ուղղել այլ՝ ավելի ձեռնտու երթուղիների:
Փոխադրողների միության նախագահը ներկայացրեց իրենց հաշվարկները, որոնք այսօրվա դրությամբ կարող են շտկել տրանսպորտային առկա խնդիրները՝ ավտոբուսների համար 250 դրամ, միկրոավտոբուսների՝ 200 դրամ։ Հուլիսին կարճատև 150-դրամանոց թանկացումը դարձավ քաղաքապետարանի և փոխադրող ընկերությունների քննարկումների արդյունք և այսօր քաղաքային իշխանությունները չեն թաքցնում, որ թանկացումը անխուսափելի է։
28 միկրոավտոբուսային երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը անիրատեսական է համարում գործող 100 դրամ ուղեվարձով շարունակել սպասարկումը: Կադրերի արտահոսքը զգացվում է և այստեղ։ Ներկա տնտեսական պայմաններում պահպանել «գծերի» եկամտաբերության նախկին մակարդակը, ինչ խոսք, դժվար է: Սակայն մյուս կողմից՝ փոխադրողները իրենց հաշվարկներում հաշվի չեն առնում ուղևորներիս հնարավորությունները՝ անխուսափելի թանկացումը արդարացնող հիմնավոումները ապահովելու համար: