Մեկնարկում է «Ռեանիմանիա 2013»- ը երաժշտական եւ գովազդային նոր անվանակարգերով


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Միջազգային անիմացիոն «Ռեանիմանիա» կինոփառատոնն այս տարի տոնում է իր հնգամյա հոբելյանը։ Կինոփառատոնի տարեդարձը համընկել է հայ անիմացիոն արվեստի հիմնադրման 75 -ամյակի հետ։
Գեղեցիկ ծրագրեր ու հետաքրքիր պրեմիերաներ. այսպիսին է այս տարի «Ռեանիմանիան» ներկայանում հայ հանդիսատեսին: 70 երկրներից ուղղարկված 500 ֆիլմերից լավագույն 212-ը միջազգային կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն հայկական մեծ էկրաններին: Տարածաշրջանում միակ անիմացիոն կինոփառատոնի այս տարվա մրցութային ծրագրերում նորամուծություններ կան, նշեց կինոփառատոնի ծրագրերի պատասխանատու Քրիստինե Զաքարյանը, կլինեն մրցանականեր երկու նոր՝ երաժշտական և գովազդային անիմացիոն անվանակարգերում։
Այս տարվա հետաքրքիրը ծրագիրը, որը նորություն է նաև անիմացիոն ոլորտում, քաղաքական և փաստագրական անիմացիաներն են: Այս տարվա նորություններից է նաև փառատոնային ընտրանի ծրագիրը, որի շրջանակներում կցուցադրվեն լավագույն փառատոններից լավագույն ֆիլմերի ընտրանին: Հայ անիմացիոն արվեստի 75-ամյակի կապակցությամբ ստեղծվել է Լև Ատամանովի մրցանակ։ Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունու խոսքով` այս մրցանակները կարևոր են կինոարվեստի մարդկանց համար։ Մեծ վարպետներին հիշելն ու պատվելը շատ կարեւոր է։
Միջոցառմանը հրավիրված են հայտնի հայ և արտասահմանցի հյուրեր, այդ թվում «Անսի» փառատոնի տնօրեն Տիցիանա Լոսքը: Հիմնադրման օրվանից Երեւանի «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը համագործակցել է կայացած և ճանաչված միջազգային փառատոների հետ, ինչպիսիք են Ֆրանսիայի «Անսիի» եւ գերմանական Շտուտգարտի «Թրիքֆիլմ» փառատոները։ Այս տարի «Ռեանիմանիա» փառատոնն ընդլայնում է իր աշխարհագրությունը: Նոյեմբերի 1-ից 3-ը փառատոնը կանցկացվի նաև Լեռնային Ղարաբաղում: Արցախյան մեծ էկրաններին կբարձրանա այս տարվա ֆիլմերի լավագույն ընտրանին:
Կինոփառատոնի հայկական ծրագրերի պատասխանատու Րաֆֆի Մովսիսյանն էլ նշեց, որ գլխավոր հենքը ոչ թե մրցութային անվանակարգերն են, այլ դրանց հարստությունը և արտամրցութային հարուստ ծրագրերը, որոնցով այս տարվա «Ռեանիմանիան» հագեցած է: «Ռեանիմանա 2013»- ի մեկնարկը կտրվի վաղը՝ «Մոսկվա» կինոթատրոնում։