ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը մասնակցեց ԱՊՀ գագաթաժողովին. նախագահությունը փոխանցվեց Ուկրաինային

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին, հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից։

Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներն օրակարգի շրջանակներում քննարկել են տարբեր ոլորտներ ներառող 14 հարց, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, իրավապահպանության ոլորտում համագործակցությանը, մշակութային-հումանիտար կապերի հետագա զարգացմանը:

Քննարկված հարցերի թվում են եղել 2014-2016թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում համագործակցության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում համագործակցության և 2014-2018թթ. թմրամոլությանը հակազդման մասին ծրագրերը, որոնք հաստատվել են նիստի մասնակիցների կողմից:

Նախագահները քննարկել և հավանության են արժանացրել նաև 2014-2018թթ. հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցառումների միջպետական ծրագիրը, այդ նույն ժամանակահատվածում մարդկանց առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին ծրագիրը: Նիստում հաստատվել են կոռուպցիային հակազդման միջպետական խորհրդի ձևավորման մասին համաձայնագիրը և տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին հայեցակարգը ևս:

Հումանիտար համագործակցության ոլորտում քննարկվել են 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը տոնելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր, որոշում է կայացվել 2014թ. ԱՊՀ-ում զբոսաշրջության տարի հայտարարելու և «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը 2014թ. իրականացնելու մասին:

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Կիևում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Ուկրաինային:
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի մայրաքաղաքում ԱՊՀ մասնակից պետությունների մյուս նախագահների հետ մասնակցել է նաև Անկախության պալատի բակում պատվավոր հյուրերի ծառուղու հիմնադրման արարողությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button