Հասարակություն

Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, հայտարարել է նրա փաստաբանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի անդամները լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել են, որ մեկ ամսից ավելի կալանքի մեջ գտնվող Վոլոդիա Ավետիսյանի նկատմամբ չի կատարվում որեւէ քննչական գործողություն: Դա, նրանց պնդմամբ, եւս մեկ անգամ վկայում է, որ Ավետիսյանը ձերբակալվել է ապօրինի եւ նրա նկատմամբ ներկայացված «խաբեություն», «խարդախություն» մեղադրանքները շինծու են:

«Վոլոդյա Ավետիսյանը իրավապահ մարմինների կողմից հրահանգավորված, անօրինական կալանքի տակ է գտնվում»,- հայտարարել են խմբի անդամները:  Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը պնդել է, որ նրան կալանքի տակ պահելու որեւէ օրինական հիմք չկա, ուստի ակնհայտ է, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում` քաղաքացիական ակտիվ գործունեություն ծավալելու եւ ազատամարտիկների սոցիալական խնդիրները բարձրաձայնելու համար։ «Ցավում եմ մեր իշխանության նման գործելաոճի վրա: Ինչպես փորձը ցույց է տալիս` այն հեղինակություն ունեցող անձինք, ովքեր սկզբունքային են, ունեն որոշակի քաղաքական հայացքներ ու պատրաստ են դրանց համար պայքարել, մեր իշխանություններն ամեն ինչ անում են նրանց մեկուսացնելու եւ հնարավորինս երկար կալանքի տակ պահելու համար»,- ասել է Ավետիսյանի փաստաբանը։

Back to top button