Մշակույթ

Սոցիալականից մինչեւ ստեղծագործական խնդիրների լուծում. ԳՄ նորընտիր նախագահի օրակարգը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Թացը չորից պիտի կարողանանաք զատել, գրողին՝ չգրողից, գրական արժեքն՝ անարժեքությունից: Լուրջ խնդիրներ ունենք լուծելու՝ ստեղծագործականից մինչև սոցիալական, ամեն ինչ անելու ենք միասին, որպես մեկ ընտանիքի անդամ»,- գրողների միության նորընտիր նախագահ Էդուարդ  Միլիտոնյանը վստահեցնում է, որ նախկին մրցակիցների հետ այլևս խնդիրներ չկան: ԳՄ նախագահի նախկին թեկնածու Հովիկ Հովեյանն ընտրության արդյունքների հրապարակումից հետո սեղմել է Էդուարդ Միլիտոնյանի ձեռքն ու շնորհավորել նրան, իսկ Ռոմիկ Սարդարյանն ու Դավիթ Սարգսյանն անգամ բաժակ են բարձրացրել նրա հետ:

ԳՄ նորընտիր նախագահի պաշտոնավարման առաջին երեք օրերն արդեն իսկ հագեցած են եղել։ Թեժ կրքերով լի միության համագումարն այլևս անցյալում է, ԳՄ- ն արդեն նոր նախագահ ունի, ով լծվել է բարդ ու պատասխանատու աշխատանքի, բայց տպավորությունները դեռ թարմ են.  լրագրողներն ուզում են հասկանալ՝ ինչո՞ւ համագումարն անցավ  աղմուկ-աղաղակի մեջ, փոխադարձ վիրավորանքների, նման ծանր ու ամոթալի մթնոլորտում: Արդյո՞ք հայ գրողը  հրաժեշտ է տվել մտավորականի կերպարին. հարցադրումը, ըստ Միլիտոնյանի, տեղին չէ, եթե այո, ապա միայն առանձին դեպքերում։ Հենց այդ, այսպես ասած, առանձին դեպքերն էլ փորձեցին վարկաբեկել համագումարը։

Հայաստանի գրողների միությունը, ըստ Միլիտոնյանի, կամավորների միություն է, ով ցանկանա՝ կանդամակցի, ով չի ցանկանա՝ կարող է, ի վերջո, հեռանալ միությունից: Լրագրողներն այսօր ընդգծեցին, որ  հայ գրողն այսօր սոցիալապես ծանր վիճակում է: Գրողների միության ձեռքերն այս առումով կարճ են: «Հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող միությունը պետությունից մեկ դրամ անգամ չի ստանում, այնպես որ մոտ 400 գրողների սոցիալական խնդիրներն ինքնուրույն լուծել չի կարող, բայց փորձում է անել այն, ինչ հնարավոր է»,-ասում է Էդուարդ Միլիտոնյանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button