

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումը Ազգային ժողովում բավականին ակտիվ վերջաբան ունեցավ՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներով: Թեպետ կառավարությունը պնդում է, որ օրինագիծը միտված է ոլորտի կարգավորմանը, այնուամենայնիվ «Ժառանգություն» կուսակցության խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը արդարացված չի համարում եկող տարի սպասվելիք բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում և պատգամավորների աշխատավարձերի կտրուկ աճը։ «Դեռևս ստանալով 240 հազար դրամ աշխատավարձ պատգամավարը խոստովանեց, որ լավ չի աշխատում»։ Ներկա պայմաններում նման օրինագծի ընդունումը պատգամավորը անբարոյական համարեց և հայտարարեց, որ առկա տեսքով «Ժառանգությունը» օրինագծին դեմ է քվեարկելու։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել նոր գնաճի: Ըստ նրա՝ փաստաթղթի տնտեսական արդյունավետությունը հաշվարկված չէ, իսկ ներկա պատկերը բավականին մտահոգիչ է։
«Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը ողջունեց կառավարության նախաձեռնությունը՝ աշխատավարձերի ոլորտի կարգավորմանը միտված օրինագծի տեսքով: Միևնույն ժամանակ՝ պատգամավորը հույս հայտնեց, որ գումարների ավելացման հերթը կհասնի և պետական հաստատություններում ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցներին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ օրինագիծը ունի քաղաքական ենթատեքստ՝ հաշվի առնելով, որ նախարարները երկու գործակցով ավելի բարձր աշխատավարձ կստանան, քան՝ պատգամավորները: Օրինագիծը դեռ լրջագույն քննարկումներ կանցնի, բայց, այնուամենմայնիվ, Զոհրաբյանին չի գոհացնում համագործակցությունը օրենսդրի և գործադրի միջև։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իր հերթին քննադատեց օրինագծի ընդդիմախոսներին՝ պոպուլիզմի համար՝ կոչ անելով գործընկերներին բարձրացվելիք աշխատավարձի մի մասը տրամադրել կարիքավորներին: Ըստ նրա՝ պետք չէ այս լուրջ օրինագիծը անձնավորել։
Ըստ ավանդույթի՝ քառօրյայի վերջին օրը քննարկված հարցերի քվեարկությունը կանցկացվի հաջորդ քառօրյային: