Միջազգային

Իրանի նկատմամբ ճնշումները պետք է շարունակվել, ասում է Նեթանյահուն

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին համոզել է Իրանի հետ ձեռք չբերել այնպիսի պայմանավորվածություններ, որոնք հնարավորություն կտան այդ երկրին ինքնուրույն շարունակել միջուկային վառելիքի արտադրությունը: Նեթանյահուն և Քերրին նախօրեին հանդիպել են Հռոմում` մեկ շաբաթ անց միջազգային միջնորդների «վեցյակի» հետ Իրանի պատվիրակության հանդիպումից, որի ժամանակ Իրանը ներկայացրել է  միջուկային խնդրի կարգավորման իր ծրագիրը:

«Ենթադրում եմ, որ որևէ պայմանավորվածության բացակայությունն ավելի լավ է, քան կիսատ որոշումներ կայացնելը: Դուք պնդեցիք, որ Սիրիայի պարագայում կիսատ որոշումներ չկայացվեն և ճիշտ վարվեցիք: Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասեր, որ պատրաստ է ոչնչացնել քիմիական զինանոցի 90, 80, կամ 50 տոկոսը, դուք չէիք համաձայնի: Նույնը վերաբերում է նաև Իրանին», — ասել է Իսրայելի վարչապետը՝ դիմելով  ԱՄՆ պետքարտուղարին:

Նա հավելել է, որ Իրանին պետք է ստիպել ոչ միայն դադարեցնել ուրանի հաստացումը, այլ ոչնչացնել այն օբյեկտները, որտեղ իրականացվում են ուրանի հաստացման աշխատանքներ: Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը  Իրանի միջուկային խնդրում ունեն շատ նման դիրքորոշումներ և կիսում են մեկ ընդհանուր նպատակ` գտնել խաղաղ լուծում: «Խաղաղ լուծման ամենալավ եղանակը Իրանի նկատմամբ ճնշումները շարունակելն է: Այդ ճնշումներն են նրան բերել բանակցությունների սեղանի մոտ: Կարծում եմ, որ դրանք դադարեցնելը սխալ կլինի արդյունքի հասնելու ճանապարհին», — ասել է Նեթանյահուն:

Ցուցադրել ավելի
Back to top button