ԿարևորՀասարակություն

Առաջին վատ գործատուն պետությունն է, ասում է աշխատանքային իրավունքի հարցով փորձագետը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանում  գործազրկության բարձր մակարդակի պայմաներում, երբ մարդն աշխատանք է գտնում, սկսում է միայն մտածել այն չկորցնելու մասին: Գործատուն շատ լավ է գիտակցում փաստն ու ամեն կերպ փորձում է ոտնահարել աշխատողի աշխատանքային իրավունքները՝ սկսած հանգստյան, տոնական ու  մյուս ոչ աշխատանքային օրերին  աշխատեցնելուց, արտաժամյա չվճերվող աշխատաեցնելուց ու չվճարելուց  մինչև հերթական արձակուրդ չտրամադրելը: Հատկապես մասնավոր ընկերություններում աշխատողներին չգրանցելը՝ թաքնված աշխատատեղեր  կամ էլ աշխատողի համար  միայն նվազագույն աշխատավարձը ձևակերպելը ևս  սովորական է հայկական իրականությունում:

Վերջինս, ի դեպ, գրեթե համատարած է նաև մասնավոր լրատվամիջոցների գործատուների ու աշխատողների դեպքում: Չնայած  կրկին գրեթե ամեն քայլափոխի խախտվում է յուրաքանչյուրի  աշխատանքային իրավունքը, սակայն շատ քչերն են համարձակություն գտնում ու գործատուի մոտ բարձրացնում իրենց խախտված իրավունքի վերականգնման հարցը:

Կա՞ արդյոք Հայաստանում որևէ մեխանիզմ, որով աշխատողը գործատուն   պարտավորվի  աշխատողին վճարել հանգստյան ու տոնական օրերին աշխատելու դիմաց։ «Եթե ես նրան դիմեմ, որպես աշխատող, և նա ինձ ասի՝ ոչ, ստացվում է, որ ճնշող որևէ լծակ  չունեմ, արհմիություն  չունեմ, որ ինձ աջակցի, ունեմ մենակ տեսչություն դիմելու հնարավորություն, քանի որ դա ընթացիկ հարաբերություն է: Դատարան չեմ կարող դիմել, գործատուին դատի տալ: Ստուգման հետ կապված կոռուպցիոն ռիկսերն էլ են մեծ: Կգա տեսչությունը, կստուգի օրենսդրությունը, գուցե գործատուի հետ տեսուչը գա կոռուպցիոն համաձայնության ու աշխատողը մնա մենակ»,- ասում է աշխատանքային իրավունքի փորձագետ, իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը։

Առաջին  վատ գործատուն պետությունն է, ընդգծում է է փորձագետն ու հիշեցնում, որ գործատուն պարտավոր է անգամ փորձաշրջանի համար վճարել, մինչդեռ Հայաստանում գրեթե ոչ մի գործատու  չի վճարում փորձաշրջանի համար։ Ստացվում է «Բազազ Արտեմի»  ու Գիքորի պատմությունը՝ «մի բան էլ դու պիտի վճարես, որ սովորեցնեմ»,-  հիշեցնելով Թումանյանի «Գիքորը» պատմվածքի հայտնի դրվագը։

2010-ին աշխատանքային օրենսգիրքը փոխվեց։ Ըստ այդմ՝ գործատուն աշխատող պատրաստելու դեպքում նորակի հետ պետք է պայմանագիր կնքի եւ վճարի նվազագույն աշխատավարձ։ «Բոլոր պրակտիկանտները բուհերից գնում են նախարարություններ, իսկ օրենք ասում է, դու իրեն բերում ես, որ սովորեցնես, ուրմեն վճարիր, բայց ոչ մի պրատիկանտի չեն վճարում: Իսկ եթե մասնավորի մոտ հայտնաբերեն, մասնավոր դու պարտավոր էիր վճարել: Պետությունն այս առումով վատ օրինակ է»,- ասում է նա։

Պաշտոնական վիճակագրություն չունենք, թե հատկապես որ ոլորտների աշխատողների իրավունքներն են ամենաշատը խախտվում։ Փորձագետի կարծիքով՝ ավելի շատ շինարարական աշխատանքներ կատարողների իրավունքներն են խախտվում, կարճ ՝մեկ կամ մի քանի օր աշխատանքի անցնելու դեպքում փաստաթղթավորում չի կատարվում, առևտրի ու սպասարկան կետերում աշխատանք գտնողները նույնպես ռիսկյաին խմբում են։ «Քար թափելու համար գործատուին բանվոր է պետք, ինքը կարող է սև շուկայից վարձել օրավարձով մեկին, գումարը կանխիկ վճարել, կամ պայմանավորվածությունից էլ պակաս վճարել կամ չվճարել ընդհանրապես»։

Չնայած շատ քչերն են փորձում վերականգնել իրենց խախտված աշխատանքային իրավունքները, այդուհանդերձ՝ իրավաբանը տեղեկացնում է, որ գոյություն ունի պաշտպանության մի քանի եղանակ։ Դրանց  ընտրությունը կախված է իրադրությունից, սուբյեկտի դիրքորոշումից, նաև նրանից, թե ինչ ճանապարհով է ուզում գնալ. ավելի երկա՞ր, թե՞ ավելի կարճ, վարչակա՞ն, թե՞ դատական ճանապարհով։

Եթե գործատուն աշխատողին աշխատանքից ազատել է  առանց հիմնավորման,  ապա  ամենաարդյունավետ տարբերակը դատարան դիմելն է, քանի որ միայն դատարանն իրավունք ունի վերականգնել աշխատողի աշխատանքային իրավունքը։ Ի դեպ՝ աշխատողը կարող է  դատարան դիմել աշխատանքից ազատելու օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում: Այդ ընթացքում կարող է պահանջել անհիմն համարել իր ազատումը, վերականգնել աշխատանքային իրավունքն ու վճարել դատական գործընթացի ողջ ընթացքը, այսինքն՝ հարկադիր պարապուրդի ողջ գումարը:

Գործնականում դատարան դիմելու փորձն ավելի շատ հաջողվում է, ասել է, թե վերականգնվում է  աշխատողի խախտված իրավունքը։ «Մենք ունենք շատ լավ նախադեպեր, երբ դատարանը գնահատում է աշխատողի աշխատանքից ազատելն անօրինական, և անգամ կայացնում է վերականգնման որոշում։ Մենք ուրիշ խնդիր ունենք.  վերականգնման դատական ակտեր ունենք պրակտիկայում, բայց այդ դատական ակտերի ի կատար ածումը չունենք,  որովհետև դա պետք է ԴԱՀԿ անի։ Ունենք դեպքեր, երբ դատարանում հայց է ներկայացվում ընդդեմ ԴԱՀԿ- ի»,- ասում է Հերիքնազ Տիգրանյանը։

Փորձագետները խորհուրդ են տալիս աշխատանքային իրավունքի խախտման դեպքում աջակցություն ակնկալել նաև արհմիություններից:

Ցուցադրել ավելի
Back to top button