Քաղաքական

Մեր ավանդական բոլոր հերոսները փախչող են կամ փախած, ասում է Պարույր Հայրիկյանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Եվ Բելգիայում, եւ Հոլանդիայում Պարույր Հայրիկյանին առաջարկել են 8 օրվա ընթացքում ընդունել հպատակություն, ստանալ այն, ինչ անհրաժեշտ է մարդու համար, ներառյալ` ամբողջական բուժօգնություն։  Պարույր Հայրիկյանն այսօր հիշել է, որ մեր ավանդական բոլոր հերոսները փախչող են կամ փախած` սկսած Փոքր Մհերից, որ նեղացած փակվեց Ագռավաքարում: Սակայն, Հայրիկյանը կարծում է, որ յուրաքանչյուր հայ կարող է լինել այն վերջին կաթիլը, որը լցնելու է մեր հաջողությունների բաժակը եւ հենց այս տեսանկյունից էլ նայում է իր ճակատագրին` ակնարկելով, թե Հայաստանից հեռացող կամ փախչող չէ։

Բոլորը փախան, որեւէ մեկը հանուն ազատության չզոհվեց, հիշեցնում է Պարույր Հայրիկյանը Հայոց պատմությունը։ Ասաց, որ այդ ամենը հիշել է նաեւ բանտում նստած տարիներին ու չի ընդունել արտասահման մեկնելու առաջարկները: Ասաց նաեւ, որ գայթակղիչ է այն առաջարկը, որ իր ամբողջական ապաքինման բոլոր ծախսերը վերցնելու են իրենց վրա այն երկրները, որոնք հպատակություն են առաջարկել Հայրիկյանին:

Խոսելով առողջության մասին` ասաց, որ ընդհանուր առմամբ լավ է, սակայն չի կարողանում աշխատեցնել աջ ձեռքի մատները, բայց ճկույթով ու ձեռքի ափով կարողանում է նույնիսկ գործիք բռնել: Միաժամանակ` նկատվում է ձեռքի աստիճանական բարակացում, ինչը վկայում է, որ ձեռքը խնդիրներ ունի։

Անդրադառնալով իր վրա մահափորձի գործով դատավճռին` Հայրկյանն ասաց, որ բողոքարկել են, քանի որ, ըստ իրենց, դատարանը մինչեւ վերջ չի գնացել եւ իրենք պահանջելու են, որ նախ` պարզվի այն 100 հազար դոլարի աղբյուրը, որի մասին արդեն իսկ կա հաստատում։ Բացի դա՝ պահանջելու են, որ հանցագործներն իրենք հետ վերադարձնեն պետական բյուջե իր բուժման համար կատարված ծախսերը։

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը խոսեց նաեւ «Անկախություն» շաբաթաթերթի 25-ամյակի մասին, որ լրացավ այսօր: Այլընտրանքային քաղաքական  շաբաթաթերթի հրատարակումը կայսրության համար շատ լուրջ մարտահրավեր էր։ Թեպետ թերթը վաղուց չի հրատարակվում, սակայն այն բացառիկ դեր է կատարել մեր ու Խորհրդային Միության ժողովուրդների կյանքում, գնահատեց նա:

ԱԻՄ առաջնորդը ցավ հայտնեց, որ ֆուտբոլի թիմի հաղթանակի 40-ամյակը նշվում է, սակայն` մոռացվում այնպիսիք, ինչպիսիք «Անկախություն» շաբաթաթերթի հրատարակումն էր ու Ազգային միացյալ կուսակցության հիմնադրումը, որոնց որդեգրած ուղով` անկախություն հանրաքվեի ճանապարհով, Հայաստանը հասավ անկախության։

Գործերն այսօր պիտի անել ու Հայրիկյանն այդ գործերից չի խուսափում ու նահանջում` անցյալը վկայակոչելով, այլ այսօր էլ ասպարեզ է իջել «Ազատ Հայաստան» եւ «Բացարձակ ժողովրդավարություն»  կարգախոսով, որը «Անկախություն» թերթի սկսած գործի շարունակությունն է, եզրափակեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button