Մշակույթ

Հայկական մշակույթը ներկայացվեց Բոննում եւ Մոսկվայում. հաջողությունն աննախադեպ էր

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը  Գերմանիայի Բոնն քաղաքի  քաղաքապետարանի կողմից ստացել էր հոկտեբերի 7-13- ն անցկացվող «Առանց սահմանների» միջազգային փառատոնին մասնակցության հրավեր, որի շրջանակներում   Բոննի Արվեստագետների ֆորումը  վեց երկրների գեղարվեստի գործիչների  մասնակցությամբ իրականացրել է համատեղ նախագիծ՝ «Կլիմայական փոփոխություններ» թեմայով։ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը   փառատոնում ներկայացրել էր  հայ արվեստագետ  Տիգրան Սահակյանին, ում աշխատանքն էլ ճանաչվել է լավագույնը: Հիմնադրամի նախագահ Սոնա Հարություննյանի խոսքով՝ Տիգրան Սահակյանի շնորհիվ  եվրոպական  պատկառելի մի հարթակում  Հայաստանը հնարավորություն ունեցավ ներկայացնել իր ժամանակակից  արվեստը։ 


Փառատոնի շրջանակներում կայացել է նաև «Մշակույթ, քաղաք, կրոն» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են բոլոր վեց երկրների՝  Գերմանիայի,  Ավստրիայի,  Իսլանդիայի,  Չինաստանի, Բելառուսի և Հայաստանի  հոգևորականներն ու մշակույթի գործիչները։ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը  հանդես է եկել «Քրիստոնեա Հայաստանը երեկ և այսօր» զեկուցումով։ «Կրոնական ինքնությունը  հայկական ավանգարդում» խորագիրը կրող զեկուցը ներկայացրել է Սոնա Հարությունյանը։

«Առանց սահմանների» միջազգային փառատոնը նաև հետքրքիր համագործակցության սկիզբ է դրել, որի արդյունքում  2014- ի աշնանը վերոնշյալ գիտաժողովը կշարունակվի Հայաստանում: Հետագա համագործակցության հեռանկարում նաև  համատեղ շրջիկ ցուցահանդեսներն են Զայցբուրգ, Ռեյկյավիկ և Երևան քաղաքներում:

Մշակութային մեկ այլ ուշագրավ իրադարձության մասին, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին Մոսկվայի կրեմլյան դահլիճում։ «Արմենիա պրոդաքշըն» պրոդյուսերական ընկերության նախաձեռնած Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված հոբելայանական համերգը ՀՀ ժողովրդական արտիստ, Սայաթ-Նովա մշակութային միության հիմնադիր , Հանրային ռադիոյի աշուղական երգի վաստակավոր անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանը բնորոշում է աննախադեպ։ «Հոգուս խորքում այս համերգին գնացել եմ  ակնկալիքով և փափագով, որ սա կդառնա շրջադարձային  երևույթ  հայ երգարվեստում, որ այդ պատկառելի բեմում ի վերջո կդադարենք ներկայանալ միայն շոու բիզնեսի հեշտ վաճառվող թեթև ժանրերեով, այլ մեր  ազգային հզոր մշակույթով»,-ասում է Թովմաս Պողոսյանը։

Նա այսօր անդրադարձավ նաև սեպտեմբերի 21-ի տոնական համերգին: «Մենք ունենք պետական սքանչելի կոլեկտիվներ։ Ինչո՞ւ ենք գումար ծախսում ու պահում դրանք, եթե մեր պետական ամենապատկառելի  տոնին այդ կոլեկտիվները չպետք է ներկայանան»,- ասում է Թովմաս Պողոսյանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button