ԿարևորՏնտեսական

Կառավարությունն «ազատականացրեց» երկինքը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀԲ-ն Հայաստանին դեռ տասը տարի առաջ էր առաջարկում ազատականացնել ավիաոլորտը, սակայն այդ ժամանակ քաղավիցիայի կողմից առաջարկը  մերժվեց, եթե պատեազմ լինի, ապա այլ ավիափոխադրողներ չեն թռչի Հայաստան պատճառաբանմամբ: Եվ  շուրջ տասը տարի հետո,  երբ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը  սնանկացավ, «բաց երկնքի քաղաքականությանն անցնելու» անհրաժեշտությունը նկատվեց։ Կառավարությունը համապատասխան հայեցակարգը հաստատելուն վերաբերող արձանագրային որոշումն ընդունեց այս տարվա հունիսին: Իսկ այսօր արդեն հավանության արժանացրեց համապատասխան  հայեցակարգը։


Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ  հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և կային տարբեր իրարամերժ մոտեցումներ՝  խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակը: Ազգային մրցունակության խորհուրդը պայմանագիր է կնքել  աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ «Մաքքենզի» ընկերության հետ, որը վարձել է  աշխարհի լավագույն մասնագետներին, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար մշակի այս բնագավառի ռազմավարությունը։ «Հայաստանը պետք է գնա ազատականացման ճանապարհով, ինչը խթանելու է համախառն ներքին արդյունքի աճին, ստեղծելու է նոր աշխատատեղեր, ուղևորափոխադրումները դարձնելու է հարմարավետ և գները նվազելու են»։

Փորձագետների հաշվարկներով՝ «Բաց երկնքի» քաղաքականությունը  1-2 տոկոս տնտեսական աճ կապահովի,  կստեղծվի 18-23 հազար աշխատատեղ:  Բարեփոխումները տեսանելի կլինեն առաջիկայում, սակայն հատկապես տոմսերի գները հնարավորինս շուտ կնվազեն։ «Ազգային ավիափոխադրողները հազվադեպ են շահույթով աշխատում»,- նկատում է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

Պատասխանելով հարցին, թե քանի ավիաընկերություն կարող է աշխատել Հայաստանում, նշեց. «Դա կախված է շրջանառությունից, այն շրջանառությունը, որ մենք այսօր ունենք, շատ դժվար է ասել, թե տվյալ երկրում   քանի ավիափոխադրող է  աշխատել: Սովորաբար՝ շատ մեծ երկրներում անգամ երեքից ավել ավիափոխադրողն արդեն պրոբլեմ է»։

Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանի փոխանցմամբ՝ Հայաստանը փորձում է գրավիչ  գործարար միջավայր ստեղծել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան փոխադրողների  համար։

Ցուցադրել ավելի
Back to top button