ԿարևորՔաղաքական

Գործազրկության նպաստը կվերանա, պաշտոնյաների աշխատավարձը կբարձրանա

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական քննարկումներն այսօր ողջ օրվա ընթացքում ծավալվել են աշխատավարձերի հարցի շուրջ:  Ազգային ժողովը քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցնող  անձանց  վարձատրության մասին» օրենքի նախագիծը, որով  կառավարությունն առաջարկում է հանրային ծառայության ոլորտում վարձատրության միասնական համակարգ ներդնել: Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանն ասել է, որ նպատակը ոչ թե աշխատավարձերի բարձրացումն է, այլ՝ դրանց կանոնակարգումը: Իսկ պատգամավորների  ուշադրության կենտրոնում եղել է հատկապես իրենց  աշխատավարձի հարցը:

Օրենսդրական ծավալուն  փաթեթով կառավարությունն առաջարկում է պետական պաշտոններ զբաղեցնող  անձանց  վարձատրության  միասնական համակարգ ներդնել ու ներմուծել   աշխատավարձերի հաշվարկման նոր կարգ: Ըստ այդ կարգի ՝ յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը  հաշվարկվելու է հետևյալ կերպ. բազային աշխատավարձը բազմապատկվելու է այդ պաշտոնի համար սահմանված գործակցով: Բազային է համարվելու նվազագույն աշխատավարձի անվանական արժեքը,  կառավարությունը նախատեսում է, որ  2014-ին այն 66 հազար դրամ պետք է լինի, իսկ գործակիցները  ներկայացվում են առանձին սանդղակով։

Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում  ամենաբարձր գործակիցը հանրապետության նախագահինն է՝ 20,  ապա հաջորդում են ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը՝   18 գործակիցներով: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գործակիցը 16 է,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարինը՝  15,5,  փոխվարչապետինը՝  15: Նվազագույն գործակիցը, ըստ սանդղակի, պետական համակարգում աշխատող կրտսեր մասնագետինն է՝ 1.25։

Այն, որ կառավարությունը որոշել է միասնականացնել աշխատավարձերը, խորհրդարանում դրական են համարում. նշում են, որ անցումը աշխատավարձերի միասնական քաղաքականությանը  երկար սպասված քայլ էր: Իսկ ահա այն հարցում, թե ինչպես են  հաշվարկվելու  աշխատավարձերը, մոտեցումները տարբեր են:

Պատգամավորները հատկապես հետևողական էին հենց աշխատավարձերի հարցում:   Օրինակներից մեկը Կորյուն Նահապետյանն է բերում.   սանդղակում պատգամավորի գործակիցը 10 է. այնքան, որքան փոխնախարարինը և  ավելի քիչ, քան՝ նախարարինը։ «Կուզենայի, որ ներկայացնեիք, թե Դուք անձամբ ինչպե՞ս եք պատկերացնում պատգամավորի պարտականություններն ու պատասխանատվությունը,  զուգահեռներ անցկացնեիք փոխնախարարի հետ և ասեիք՝ արդյո՞ք համադրելի է նման կարգավորումը»։

Պատգամավորը  նաև կածում է, որ վարձատրության  առումով հավասարակշռությունը իշխանության օրենսդիր, գործադիր ու դատական թևերի միջև խախտվել է՝ ի վնաս օրենսդիրի։ Սրան չի համաձայնում  կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրելյանը։ «Պարոն Նահապետյան, կարծում եմ, որ դուք սխալվում եք: Սկզբունքները պահպանված են, կխնդրեի մի քիչ ավելի ուշադիր նայել»։

Նախարարն ասաց նաև, որ սանդղակը կազմվել է հատուկ հարցումների միջոցով, այն մեթոդներով, որոնք սովարաբար օգտագործվում են աշխատավարձերի կարգավորման համար: Համակարգը  դրված է քննարկման,  ասաց նախարարը, գործակիցները կարող են ճշգրտվել: Հարցը, սակայն,  ճշգրտելու անհարժեշտություն տեսավ ԱԺ նախագահը։ «Նահապետյան Կորյունը հարց է տալիս , ասում է՝ այսօր պատգամավորի և նախարարի աշխատավարձերը համահունչ են, հիմա դուք իջեցրել եք պատգամավորի գործակիցը, հավասարեցրել փոխնախարարին, ինչո՞ւ»։

Թե ինչու, Վաչե Գաբրեիլյանը չպատասխանեց, կրկնեց, որ գործակիցներն անհամաձայնության դեպքում կարող են վերանայվել: Պատգամավորի աշխատավարձի թեման շարունակեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը. նրան հետաքրքրում էր, թե ինչու տարբերակված չեն մեծամասնական ու համամասնական պատգամավորի աշխատավարձերը։ «Օրինակ, ես իմ աշխատավարձի մեծ մասը ծախսում եմ ընտրատարածք գնալ- գալու վրա: Սա հաշվի առնվելո՞ւ է , թե՞ ոչ: Եթե ոչ, ապա  ինչո՞ւ է հանձնաժողովի նախագահը ավելի ավելի մեծ գործակցով դասվում»։

Վաչե Գաբրելյանը կարծում է, որ ճիշտ չէ օրենքով տարբերակել մեծամասնական ու համամասնական պատգամավորին: Դա ԱԺ ներքին կանոնակարգման խնդիր է։ Նախարարը նշեց, որ փաթեթի նպատակը ոչ թե աշխատավարձերի բարձրացումը, այլ կանոնակարգումն ու կարգաբերումն  է: Նիկոլ Փաշինյանի հարցը հենց այդ դիտարկմանն էր վերաբերում. թեև նպատակը աշխատավարձերի բարձրացումը չէ, բայց պաշտոնյաների մի խմբի դեպքում, հիմնականում բարձրաստիճանների, աշխատավարձերը  մի քանի անգամ բարձրանալու են: Վաստակե՞լ ենք  արդյոք այդ իրավունքը, հացրեց Փաշինյանը ու նաև հիշեցրեց. «Ընդամենը մի քանի ժամ առաջ այստեղ քվեարկվեց մի օրինագիծ, որով որոշվեց, որ գործազրկության նպաստները վերացվում են։ Այսինքն՝ գործազուրկներին այդ նպաստը պետք չի տալ, և հիմա բոլորս լուրջ դեմքերով քննարկում ենք նախագահի աշխատավարձը 203 տոկոսով, վարչապետի ու ԱԺ նախագահի աշխատավարձը 218 տոկոսով բարձրացնելու հարցը»։

Ընդ որում, «Զբաղվածության մասին» օրենքի քննարկման ժամանակ, դահլիճում հազիվ մեկ տասնյակ պատգամավոր էր, իսկ աշխատավարձերի օրենքի քննարկման ժամանակ նիստերի դահլիճը նկատելիորեն բազմամարդ էր։

Բարձրացումների անհամամասնության հարցը ուղղեցինք նաև Վաչե Գաբրելյանին, աշխատավարձերի բարձրացումը նկատելի կլինի հատկապես բարձրաստիճան պաշտոնայաների դեպքում, իսկ կրտսեր ու միջին ծառայողները կբավարարվեն աշխատավարձի բարձրացման շատ ավելի խորհրդանշական չափերով. որքանո՞վ է արդարացի այս սկզբուքնը, հարցրինք։ «Միասնական համակարգի անցնելու տրամաբանությունը սա է. երբ տարբեր դիրքերից գալիս եք մի տեղ, մեկը ավելի արագ է վազում ու քիչ տարածություն գնում, մյուսը՝ ավելի դանդաղ ու երկար: Ի վերջո՝ մի օր պետք է կարգաբերեինք և համակարգը բերեինք ընդհանուր համամասնությունների։ Այդ պատճառով՝ այս պահին ինչ-որ մեկինը ավելի շատ է բարձրանալու, մյուսինը՝ ավելի քիչ։ Հարցադրումը ճիշտ չէ: Խնդիրը ոչ թե բարձրացումն է, այլ՝ համամասնությունների սահմանումը»,- ասաց նա։

Ցուցադրել ավելի
Back to top button