ԿարևորՀասարակություն

Ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անպատժելիությունը, հայտարարում է ՄԻՊ- ը

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր անհամաձայնությունն է այսօր հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ։ Ըստ նրա՝ դրանով ամրագրվում է Վճռաբեկ դատարանի անդամների անպատժելիությունը։

«Դատական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների հետևանքով բացառվում է նյութական և դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով Վճռաբեկ դատարանի պալատի դատավորին և պալատի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, այն դեպքում, երբ կարգապահական պատասխանատվության նշված հիմքերը կիրառելի են մնում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դատավորների նկատմամբ»,- ասված է ՄԻՊ տարածած հայտարարության մեջ։

Պաշտպանի գնահատմամբ՝ այս փոփոխությունների հետևանքով առանց բավարար հիմնավորման տարբերակված մոտեցում է դրսևորվում առաջին երկու ատյանների դատարանների և վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ: «Միջազգային չափորոշիչների ուսումնասիրությունը վկայում է, որ դատավորների կարգապահական պատասխանատվության համատեքստում տարանջատում բարձրագույն և մյուս դատական ատյանների դատավորների միջև չի իրականացվում, գործածվում է «դատավոր» եզրույթը, որը վերաբերում է պետությունների դատական համակարգի բոլոր դատավորներին, անկախ կարգավիճակից»։

Կարեն Անդրեասյանը նաեւ նշել է, որ նախատեսվող փոփոխությունները համահունչ չեն Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հետ, որը նախատեսում է վճռաբեկ դատարանի դատավորի նկատմամբ միայն նյութական իրավունքի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորության բացառումը, մինչդեռ այս դեպքում բացառվում է նաև կարգապահական պատասխանատվությունը՝ դատավարական օրենքի խախտման հիմքով։

«Նախագծով կարգավորվում է նաև դատարաններում գործերի բաշխման կարգը, սակայն Վճռաբեկ դատարանի համար այստեղ նույնպես նախատեսված է բացառություն. բաշխման համակարգ են ներառվում միայն այն բողոքները, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում է կայացվել, այն դեպքում, երբ դատական վիճակագրության համաձայն՝ Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքների մոտ 90 տոկոսը վարույթ չի ընդունվում»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա իր առաջարկություններն ու դիտողությունները ներկայացրել է դեռևս նախագծի մշակման փուլում: Թեև ներկայացված առաջարկությունների մի մասն ընդունվել է, սակայն, ցավոք, հիմնական մտահոգիչ դրույթները մնացել են նախագծի տեքստում, հայտարարել է Կարեն Անդրեասյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button