ԿարևորՔաղաքական

Ամերիկահայ երիտասարդները փչացրեցին Բաբաջանի ամերիկյան այցը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
Ամերիկահայ երիտասարդները դուրս էին եկել բողոքի ցույցի. Լոս Անջելեսում էր Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Նա Համաշխարհային հարցերի խորհրդի հյուրն էր` Թուրքիայի ներդրումային գրավչության մասին զեկույցով: Նրա այցի առիթով կազմակերպված բողոքի ցույցին մասնակցել է մոտ 200 ամերիկահայ:

«Արդարադատությունն առևտրի համար չէ», «Արյունոտ փողերը ձեզ չեն փրկի». այս և նման վանկարկումներով հայ ցուցարարները խաթարում էին Թուրքիայի փոխվարչապետի այցի սահուն ընթացքը: Իսկ այցը շատ կարևոր նպատակ ուներ` Համաշխարհային հարցերի խորհրդում ամերիկացի քաղաքական և գործարար շրջանակներին ներկայացնել Թուրքիայի գրավչությունը` տնտեսական առաջընթացը, տարածաշրջանային կարևոր դերակատարումը և երկրի տնտեսության մեջ ներդրում անելու շահավետությունը։

Ամերիկահայ երիտասարդների բողոքի ցույցը սակայն պատկերը փչացրեց. ՀՅԴ Հայ երիտասարդների միության և Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպության համատեղ ակցիան ուղղված էր անտեղյակներին ներկայացնելու Թուրքիայի իրական պատկերը` սկսած ժխտողական կեցվածքից մինչև տխրահռչակ 301 հոդվածն ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումները։

Հայ երիտասարդաց դաշնակցությունից Գասպար Ժիվելեգյանի խոսքով՝ Ալի Բաբաջանը հեղինակավոր ամերիկյան կառույցում գովերգում է մի երկիր, որը հիմնված է քրիստոնյաների արյան վրա, որտեղ այսօր էլ շարունակվում են բռնություններն ազատ խոսքի նկատմամբ, որ Թուրքիայում այսօր ավելի շատ լրագրող է ազատազրկված, քան Չինաստանում և Իրանում միասին վերցրած, որ այդ երկրում կոպիտ ոտնահարվում են մարդկային բոլոր իրավունքները: «Միացյալ հայ երիտասարդներ» կազմակերպության նախագահ Հարություն Հարությունյանը շեշտեց, որ միացյալ ուժերով պետք է ջանան ամեն անգամ խափանել թուրք գործիչների ծրագրերը`հիմնված կեղծ տեղեկությունների վրա:

Համաշխարհային հարցերի խորհրդում Ալի Բաբաջանի հետ հանդիպմանը մասնակցում էին նաև Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Սուր հարցեր, սակայն, Թուրքիայի փոխվարչապետը ստացել է ոչ միայն նրանցից, ինչը վկայում է ամերիկյան հասարակության լավ իրազեկվածության մասին: Հատկանշական է, որ Թուրքիայի արտաքին և ներքին խնդիրներին առնչվող անցանկալի հարցերին ի պատասխան Ալի Բաբաջանը հորդորել է չհավատալ թերթերի գրածին. դրանք, ըստ նրա, թելադրված են ապօրինի կառույցների կողմից:

Հայ Դատի հանձնախումբը նամակով դիմել է Համաշխարհային հարցերի խորհրդին`մատնանշելով բանախոսի անհաջող ընտրությունը: «Խորհուրդը հաստատ չէր հրավիրի Ռուանդայի, Սուդանի, Կամբոջայի ցեղասպանությունների համար պատասխանատու գործիչներին։ Ապա ինչո՞ւ է հրավիրվում նման ցեղասպանություն գործած երկրի ներկայացուցիչը»,- նշված է Հայ Դատի հանձնախմբի նամակում:

Հայ գործիչները Թուրքիայի փոխվարչապետի հրավերի հետ կապված հարցերն ակնկալում են քննարկել առաջիկայում` Համաշխարհային հարցերի խորհրդի պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում։

Ցուցադրել ավելի
Back to top button