Միջազգային

Փարիզը բացատրություններ է պահանջում Վաշինգոտնից. պատճառը Սնոուդենին բացահայտումներն են

ԱՄՆ փորձում է մեղմել ֆրանսիական իշխանությունների բացասական արձագանքը «Լե Մոնդ» թերթում հրապարակված բացահայտմանը, որի համաձայն՝ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը Ֆրանսիայում գաղտնալսել է միլիոնավոր հեռախոսազանգեր: Քննարկելու համար երկու երկրների միջև առաջացած խնդիրը՝ նախագահ Օբաման անձամբ է զանգահարել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Հայտնի է, որ հեռախոսազրույցի ընթացքում Օլանդը խորը դժգոհությունն է արտահայտել և պահանջել է Սպիտակ տան ղեկավարից սպառիչ բացատրություններ:

Օլանդը հայտարարել է, որ նման գաղտնալսումներն անթույլատրելի են ընկերների և դաշնակիցների պարագայում: Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ի պատասխան Օբաման հստակ բացատրել է, որ ԱՄՆ սկսել է վերանայել հատուկ ծառայությունների կիրառած մեթոդները հետախուզական տեղեկությունների հավաքման հարցում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Փարիզում հանդես գալով լրագրողների առջև հայտարարել էր, որ գաղտնալսումները ամերիկյան քաղաքացիների անվտանգությունն ապահովվող ծրագրի մասն են կազմում:  Պետքարտուղարը նաև հավելել էր, որ ԱՄՆ-ը կխորհրդակցի  ֆրանսիական կողմի հետ, պահպանելու համար հավասարակշռությունը անվտանգության ոլորտում Միացյալ Նահագների օրինական շահերի և նրա դաշնակիցների մտահոգությունների միջև` կապված մասնավոր կյանքի անձեռնմխելիության հետ:

Նշենք, որ «Լե Մոնդ» թերթը տեղեկացրել էր, որ իր տրամադրության տակ են հայտնվել Էդվարդ Սնոուդենի կողմից փոխանցված փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն այս տարվա սկզբին  մեկ ամսվա ընթացքում գաղտնալսել է 70 միլիոն հեռախոսազանգ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը ազգային անվտանգության գործակալության գործողություններն անվանել էր «վրդովեցուցիչ»:

Ցուցադրել ավելի
Back to top button