ԿարևորՔաղաքական

Փոստանջյանից մինչեւ աշխատավարձեր. քննարկումներ ԱԺ- ում (լրացված)

լրացված ժամը 17։46

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն այսուհետ կղեկավարի Զարուհի Փոստանջյանը, իսկ քարտուղարը կլինի Թևան Պողոսյանը: Որոշումը կայացվել է խմբակցության այսօր հրավիրած նիստի ընթացքում: Իսկ նիստը հրավիրվել է այն բանից հետո, երբ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ մտադիր է թողնել  խմբակցության ղեկավարի պաշտոնը: Հրաժարականի պատճառները Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է մեկնաբանել,  խմբակցության մյուս անդամները նշել են, որ խոսքն անձնական որոշման մասին է: ԱԺ նսիտերի դահլիճից դուրս խմբակցությունների ղեկավարներն  այսօր քննարկել են նաև միջազգային կազմակերպություններում Հայաստանի պատվիարկությունների ձևավորման նոր կարգը:  Իսկ նիստերի դահլիճում քննարկումներն ընթացել են սոցիալական հարցերի շուրջ:

Անակնկա՞լ էր « Ժռանգություն» խմբակցության արդեն նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանի ՝ պաշտոնից հրաժարվելու հայտարարությունը խմբակցության համար, թե՞ ոչ, հարցը խորհրդարանում այսօր հակասական պատասխաններ ստացավ: «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, օրինակ, անձամբ էր խորհրդարան եկել՝ պարզելու, թե ինչ է կատարվում խմբակցությունում։ «Ձեզ նման լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ պարոն Հակոբյանը ցանկություն ունի թողնել խմբակցության ղեկավարի պաշտոնը: Քանի որ կուսակացության վարչությունում նման հարց չի քննարկվել, եկել եմ անձամբ տեղեկանալու, թե որոնք են պատճառները»։

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացել էր, որ   Ռուբեն Հակոբյանի որոշումը վերջնական է, իսկ որոշման  պատճառներն անձնական են: Արդյո՞ք այդ  որոշումը  ներկուսկացական մտահոգության հերթական առիթը չէ «Ժառանգության» համար։ «Փառք Աստծո, այս անգամ ներկուսակցական մտահոգություն մեծ հաշվով գոյություն չունի: Ամեն ինչ էլ բոլոր կուսակցությունների հետ լինում է: Սա ոչ թե ներկուսակցական, այլ ներխմբակցային խնդիր է»:

Ռուբեն Հակոբյանի բացատրությամբ ՝«որևէ անձնական պատճառ չկա»: «Ժառանգություն» խմբակցության արդեն նախկին ղեկավարը նկատեց, որ ՐաֆՖի Հովհաննիսյանը տեղյակ է եղել իր մտադրությանը։ «Ես դիմել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին ու խնդրել եմ հարգել իմ ցանկությունը: Իհարկե՝ Րաֆֆին կցանկանար, որ  ես շարունակեի մնալ խմբակցության ղեկավարի պաշտոնում, բայց քանի որ էությամբ դեմոկրատ մարդ է, որոշումը թողեց ինձ»։ Թե որն է հրաժարականի պատճառը, Ռուբեն Հակոբյանը հրաժարվեց մեկնաբանել: «Առանց մեկնաբանության, առանց մեկնաբանությունն էլ մեկնաբանության տեսակ է»,- ասաց։

Կա՞ արդյոք կապ Ստրասբուրգում Զարուհի Փոստնաջյանի հնչեցրած հարցի, դրա  վերաբերյալ Ռուբեն Հակոբյանի մեկնաբանությունների ու հրաժարականի որոշման միջև:  Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նման կապ չկա, որոշումը կայացրել է ավելի վաղ, քան՝ հնչել է Փոստանջյանի հարցը: Նկատենք միայն, որ Ռուբեն Հակոբյանը «Ժառանգության» այն ներկայացուցիչներից էր, ով այնքան էլ միանշանակ չպաշտպանեց Փոստանջյանի ստրասբուգյան կեցվածքը։ «Ժառանգության» նախկին ղեկավարն ասաց նաև, որ խմբակցությունը լքել առայժմ չի պատրաստվում, իսկ  թե ում է ուզում տեսնել ղեկավարի պաշտոնում, «Այ դեռ չեմ քննարկել, պետք է ծրագեր ներկայացնեն»:

Շատ ավելի արագ, առանց ծրագրերի ներկայացման «Ժառանգության» այսօրվա նիստում որոշվեց, որ խմբակցության ղեկավարն այսուհետ  Զարուհի Փոստանջյանն է, իսկ քարտուղարը՝ Թևան Պողոսյանը։

Ի դեպ՝ ԱԺ նախագահի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը, որին մասնակցել են  խմբակցությունների ղեկավարները,  «Ժառանգության» ներկայացուցիչն արդեն  Զարուհի Փոստանջյանն էր: Իսկ քննարկման առիթը այն կարգն է, որով ձևավորվում են միջազգային կազմակերպություններում Հայաստանի պատվիրակությունները: Ըստ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ խմբակցություններն առաջարկներ են ներկայացրել, դրանց հիման վրա նոր փաստաթուղթ է մշակվում։ «Այն կարգը, որ քննարկվել է այսօր, վերաբերում է միջազգային խորհրդարանական պատվիրակությունների ձևավորման կարգին և սկզբունքորեն կոչված է կանոնակարգելու ու հստակություն մտցնելու այդ հարցում: Նպատակը ոչ թե բոլոր պատվիարկություններում բոլոր խմբակցություններից ներկայացուցիչներ ունենալն է, այլ այն, որ պատվիրակությունները պետք է արտահայտեն քաղաքական ուժերի բաշխվածությունը»։

Ըստ Հարությունյանի՝  քաղաքական համամասնությունն, օրինակ ԵԽԽՎ պատվիրակությունում արդարացիորն արտացոլված  չէ.  ՀՀԿ-ն  այստեղ փոքրամասուիթյուն է՝  չնայած 3 անդամ ունի: Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ նոր կարգով փոքրաթիվ խմբակցությունները միջազգային պատվիրակություններում անդամներ չունենան։

Իսկ նիստերի դահլիճում քննարկումներն այսօր սոցիալական ոլորտից  էին: Ազգային ժողովն  այսօր սկսեց  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրինագծի քննարկումը:   Օրենսդրական ծավալուն փաթեթով  կառավարությունն առաջարկում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ ներդնել և աշխատավարձերի հաշվարկման նոր կարգ ներմուծել։ Օրենքի նախագծով սահմանվում են բազային աշխատավարձ և գործակից հասկացությունները:   Ըստ նախագծի՝ բազային աշխատավարձը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից և գերազանցել դրա 120 տոկոսը:

Նույն փաթեթով ԱԺ ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ՝ կառավարությունը նախատեսում է 2014 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը դարձնել 50 հազար դրամ, ինչը նշանակում է, որ բազային աշխատավարձի նվազագույն շեմը 40 հազար դրամ է, իսկ բարձրագույնը՝ 60 հազար։

Յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը հաշվարկելիս՝ բազային աշխատավարձը  բազմապատկվելու է այդ պաշտոնի համար սահմանված գործակցով: Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում  ամենաբարձր գործակիցը հանրապետության նախագահինն է՝ 20, որին հիերարխիայով հաջորդում են ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը՝  18 գործակիցներով: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գործակիցը 16 է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործակիցը՝ 15,5, փոխվարչապետինը՝ 15:  Նկատենք, որ սանդղակում Մարդու իրավունքների պաշտպանի գործակիցը ևս 15 է, ավելի բարձր, քան՝ ասենք ՀՀ ԱԺ փոխնախագահինը՝ 14, Վերաքննիչ դատարանի նախագահինը՝13.50, ՀՀ Ոստիկանության պետինը՝ 12, նախարարներինը՝ 12: Նվազագույն գործակիցը, ըստ սանդղակի, պետական համակարգում աշխատող կրտսեր մասնագետինն է՝ 1.25։ Նախագծի քննարկումը խորհրդարանը կշարունակի վաղը: 

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button