ԿարևորՀասարակություն

Դիլիջանում գործող ԿԲ կենտրոնը կնպաստեն ուսումնասիրությունների արդյունավետության բարձրացմանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր օրվա երկրորդ կեսն անցկացրել է Տավուշի մարզում։ Առաջին կանգառը Հայաստանի Հանրապետության ԿԲ-ի «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնն էր: Կենտրոնի շինարարությունն սկսվել էր 2009-ին, ավարտվել այս տարվա հունվարին: Կենտրոնն սկսել է գործել սեպտեմբերի 2-ից: Այստեղ են արդեն տեղափոխվել ԿԲ որոշ վարչություններ, մասնավորապես` դրամավարկային քաղաքականության վարչության մոդելավորման եւ կանխատեսումների բաժինը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը համոզված է, որ կենտրոնում ստեղծված պայմանները լիովին կնպաստեն ուսումնասիրությունների էֆեկտիվության բարձրացմանը։ «Դիլիջան» ուսումնահետազոտական կոնտրոնում աշխատող ԿԲ աշխատակիցների համար Դիլիջանում կառուցվել է նաեւ բազմաբնակարան բնակելի շենք: Այդ շենքի առաջին հարկում գործում է «Բողբոջ» ցերեկային ժամանցի մանկական կենտրոնը, ուր հաճախում են ԿԲ աշխատակիցների 2-6 տարեկան 15 երեխաները: Մանկական կենտրոն կարող են հաճախել նաեւ Դիլիջանի եւ հարակից բնակավայրերի երեխաներ: Մանկապարտեզը նախատեսված է 60 երեխայի համար։
«Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնում իրականացվում են նաեւ ծրագրեր Հայաստանում ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Ծրագրին այս պահին մասնակցում է 17 ուսանող, որից 7-ը ԿԲ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ են: Այստեղ դասավանդում են Եվրոպայի եւ ԱՄՆ առաջատար ուսումնական հաստատություններից հրավիրված մասնագետներ։

Դիլիջանում «Այբ» դպրոցի հետ համատեղ կառուցվում է նաեւ դպրոցի նոր մասնաշենք, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ հաջորդ ուսումնական տարվա սկիզբը: Ներկայումս դպրոցի աշխատանքները կազմակերպվում են «Դիլիջան» ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ սովորում են այստեղ աշխատող ԿԲ աշխատակիցների երեխաները: ԿԲ-ն հնարավորություն է տվել նաեւ, որ այս դպրոցում անվճար ուսում ստանան Դիլիջանի բնակիչների երեխաները:

Նախագահ Սերժ Սարգսյանի` Տավուշի մարզ աշխատանքային այցի կանգառներից մեկն էլ Դիլիջանի միջազգային դպրոցն էր: Այստեղ հանրապետության նախագահին ներկայացվել են իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ: Ակնկալվում է, որ մինչեւ 2023 թվականն այստեղ կսովորի 650 աշակերտ` աշխարհի 60 երկրից:

Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի 30 հազար դոլար, սակայն, ինչպես վստահեցվում է, աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Դպրոցի գործունեության մասին պատմող բաժանված տեղեկանքում շեշտվում է նաեւ, որ այստեղ հայաստանցի շնորհալի ու տաղանդավոր երեխաները կազմելու են 10-12 տոկոս, իսկ Սփյուռքի հայ համայնքներից եկած աշակերտներինը` 30 տոկոս։

Դիլիջանի միջազգային դպրոցի կապիտալ շինարարության եւ կահավորման բյուջեն կազմում է մոտավորապես 190 մլն դոլար: Այս ամսվա դրությամբ դպրոցի շինարարության վրա աշխատել է միջինը 730 մարդ, 310.000 դրամ միջին աշխատավարձով: Շինարարության մեջ զբաղված է 280 դիլիջանցի եւ մոտ 115 աշխատակից Տավուշի եւ Լոռու մարզերից:

Back to top button