Սպորտ

Ազատամարտիկներն իշխանություններից պահանջում են հարգանք՝ երկրի նկատմամբ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երկրում խախտված է մրցակցային կառավարման ձեւաչափը եւ դրա վերականգնման խնդիրն է եղել կուսակցությունների եւ ազատամարտիկների մասնակցությամբ անցած շաբաթավերջին տեղի ունեցած կլոր-սեղան քննարկման առանցքային հարցը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` ամփոփելով ազատամարտիկների եւ կուսակցությունների կլոր-սեղան քննարկման արդյունքները։  Կուսակցություններին հրավիրելով ազատամարտիկները փորձում են առաջարկել այլընտրանքային համագործակցային կառավարման ինչ-որ ձեւ, որպեսզի ժողովուրդը մասնակցի երկրի կառավարման, շեշտեց Սուրեն Սարգսյանը: Նրա փոխանցմամբ` կլոր-սեղան քննարկումների արդյունքում պետք է կայացվեն որոշումներ, որոնք կներկայացվեն իշխանություններին իրականացման համար։

Առայժմ, սակայն, ազատամարտիկները ցանկանում են ունենալ կուսակցությունների գնահատականը երկրի վիճակի մասին, իսկ քայլերի շուրջ կխոոսեն հերթական կլոր սեղանի ընթացքում։ Ազատամարտիկների հրավերին արձագանքել են կուսակցություններից 13-ը: Իշխանական կուսակցությունները հավաքին չեն հրավիրվել: Հավաքին ԲՀԿ ներկայացուցիչն է ներկա գտնվել, իսկ Դաշնակցությունը չի մասնակցել: Կան համազգային խնդիրներ` արտագաղթ եւ այլն, որոնք բոլորի մտահոգության առանցքը պիտի լինի, նշեց ազատամարտիկը։

Վիճակի համար մեղավոր են բոլորը, այդ թվում նաեւ ազատամարտիկները, շեշտեց բանախոսը: Սուրեն Սարգսյանի խոսքով` պետք է կարողանալ մի կողմ դնել ամեն ինչ, միմյանց չդատափետել, թե ով ինչ արեց անցած շրջանում, եւ կարողանալ սկսել մաքուր կետից: Կուսակցություններից սպասելիքները շատ են, թեպետ հասարակության շրջանում կուսակցությունների նկատմամբ վստահության պակասն զգալի է: Սուրեն Սարգսյանի կարծիքով` այդ վստահությունը կուսակցություններն իրենք իրենց գործունեությամբ կվերականգնեն: Կարծիք հայտնեց, որ իրենց համագործակցությունը հնարավոր է եւ կլինի:

Երկրի համար ծանր շրջանում ազատամարտիկը իրավունք չունի լուծել սեփական նյութական խնդիրները, շեշտեց բանախոսը` հավելելով, որ իրենք պահանջում են իշխանություններից հարգանք երկրի հանդեպ, ինչն ավելին է եւ նշանակում է նաեւ հարգանք քաղաքացու նկատմամբ:  

Back to top button