Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը գերադասում է աշխատել արտերկրում


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր ֆեդերացիայի պաշտոնական կայքում տեղադրված հարցազրույցում հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:
«Ես այսօր հանդիպում եմ ունեցել Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: Ֆեդերացիայի նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից, իհարկե՝ իմ խորին շնորհակալությունը հայտնելով Ֆեդերացիայի նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես, արտերկրից, և ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»,- ասել է Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք՝ Վարդան Մինասյանի պայմանագիրն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է հոկտեմբերի 31-ին: