ԿարևորՔաղաքական

Քաղաքացիական ակտիվիստները ներխուժեցին ԵԽ երեւանյան համաժողովի դահլիճ (լրացված)

լրացված է ժամը 18։12

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով բարձրաստիճան երկօրյա համաժողովը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդն իր խոսքում նշել է, որ բազմազանությունը մնայուն արժեք է, և այն զարգանալու է: Պետք է վերացնել ատելություն ու ռասիզմ պարունակող ձևակերպումները ելույթներից ու մամուլի էջերից:
Հայաստանի ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն էլ նկատել է, որ դրանք նոր երևույթներ չեն ու նման մտքերն ու գաղափարներն ավելի արածվում են համացանցի միջոցով: Համաժողովի ընթացքում սրահ են ներխուժել մի խումբ ակտիվիստներ, ովքեր համաժողովի մասնակիցներին ցուցապաստառներով փորձել են հասկացնել, որ Հայաստանում  անհանդուրժողականության կոնկրետ դեպքեր կան։

Ատելության, անհանդուրժողականության ու ռասիզմի քարոզը, այն էլ բարձր մակարդակով հանգեցնում է հասարակության ագրեսիվության ու տարբեր հանցագործություններ ծնում:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքների ու ատելության քարոզի հետևանք էր ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանը, ինչից հետո Ադրբեջանում հերոսացվեց մարդասպան Սաֆարովը։ Նման մոտեցումը խրախուսում է հանցագործությունը։

Ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության, ատելության դեմ կազմակերպված երկօրյա համաժողովի ընթացքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցեց մեր պատմության դառը փորձն ու նշեց, որ  անհանդուրժողականության, ծայրահեղականության  դեմ պայքարը և խնդիրներն նորություն չեն, դրանք արդիական են աշխարհի տարբեր երկրներում։ Ատելության քարոզը լուրջ մարտահրավեր է և դրա դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ պետք է մշակվեն, ավելացրեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Եվրոպայի գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդն էլ իր խոսքում նշեց, որ բազմազանությունը մնայուն արժեք է, և ապագայում այն զարգանալու է, ուստի պետք է բացառել քաղաքական ճառերում ատելություն ու ռասիզմ արտահայտող ձևակերպումները: Այժմ շատ երկրներում ավելի շատ խոսվում է բազմազանության բացասական հետևանքների մասին, սակայն պետք է կենտրոնանալ բազմազանության դրական կողմերի վրա, ասաց եվրոպացի պաշտոնյան՝ մատնացույց անելով Եվրոպան, որը գրավիչ է այն մարդկանց համար, ովքեր ատելության ու այլատյացության պատճառով տեղ չունեն իրենց երկրներում։ Թորբորն Յագլանդը վտանգավոր համարելով խտրականության երևույթները կոչ արեց քաղաքական գործիչներին իրենց ճառելում բացառել ատելություն և ռասիզմ քարոզող արտահայտությունները։

Ռասիզմն ու անհանդուրժողոկանությունը քայքայում են հասարակությունը, ատելություն քարոզող խոսքը չի կարող ժողովրդավարություն ապահովել երկրում, նկատեց Եվրոպայի գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը։ Համաժողովը լավագույնս առիթ է հայերիս համար խոսելու Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների և ատելություն քարոզող ձևակերպումների մասին, սակայն հայ ակտիվիստները մոռանալով բարձրաձայնել նաև Հայաստանի համար առաջնահերթություն համարվող խնդիրը, ներխուժեցին համաժողովի սրահ` Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի առաջնորդությամբ և պարզեցին ցուցապաստառներ, որտեղ պատկերված էին Հայ Յեղափոխական դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և Խաչիկ Ասրյանի նկարները՝ կից գրություններով, որ վերջիններս Հայաստանում քարոզում են ընդդեմ նույնասեռականության, իսկ Ասրյանը՝ այլոց խոսքի դեմ անհանդուրժողականության։

Ցուցադրել ավելի
Back to top button