Սիրիայի հարցով համաժողովի անցկացման օրը դեռ պարզ չէ


ՄԱԿ-ի քարտուղարությունն առայժմ չի հաստատել սիրիական խնդրի կարգավորման հարցերով «Ժնև-2» խորհրդաժողովի անցկացման ամսաթիվը, տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին: «Ինչպես ավելի վաղ ասել եմ, Ժնևի կոնֆերանսը պետք է հրավիրի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Հենց նա պատրաստ լինի հրավիրել, մենք կանցկացնենք այն»,- հայտարարել է Նեսիրկին:
Ավելի վաղ՝ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Արաբին հայտարարել էր, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով ժնևյան երկրորդ խորհրդաժողովը կսկսվի նոյեմբերի 23-ին: Նաբիլ Արաբին Սիրիայի հարցով հանդիպում էր անցկացրել ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի հետ, որը մերձարևելյան շրջագայություն է սկսել «Ժնև-2» խորհրդաժողովը նախապատրաստելու համար:
Ըստ Բրահիմիի՝ խաղաղ կոնֆերանսն արդյունք կտա, եթե նրան մասնակցեն սիրիական ընդդիմության ներկայացուցիչները: Հաղորդվում է, որ երեքշաբթի արևմտյան դիվանագետները և Արաբական լիգայի անդամ երկրների ներկայացուցիչները պետք է հանդիպեն սիրիացի ընդդիմադիրների հետ, որպեսզի համոզեն նրանց մասնակցել ժնևյան կոնֆերանսին: