Քաղաքական

ՀՀ նախագահն ընդունեց ԵԽ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, որը Հայաստան է ժամանել ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հոկտեմբերի 21-22-ը Երևանում անցկացվող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» խորագրով բարձր մակարդակի խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։

Ընդգծելով ԵԽ դերակատարությունը համամարդկային արժեքների տարածման գործում՝ Սերժ Սարգսյանն այդ առումով կարևորել է խորհրդաժողովի անցկացումը Երևանում և պարոն Յագլանդի մասնակցությունը հիշյալ միջոցառմանը: Նախագահը երևանյան խորհրդաժողովը համարել է ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության առանցքային միջոցառումներից մեկը: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը նպաստել է ԵԽ գործունեությանը և շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ ինչպես երևանյան խորհրդաժողովին, այնպես էլ Նախարարների խորհրդում Հայաստանի նախագահությանը մշտապես աջակցելու համար:

ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ երևանյան խորհրդաժողովի թեման իր համար չափազանց կարևոր և առաջնային նշանակություն ունի և հույս է հայտնել, որ այն արդյունավետ կլինի: Նա շնորհավորել է հանրապետության նախագահին՝ ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի հաջող նախագահության կապակցությամբ: Թորբյորն Յագլանդը կարևորել է նաև ԵԽ երևանյան գրասենյակի աշխատանքը:

Հանդիպմանը նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը շարունակելու և էլ ավելի խորացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա մեր պետության և հասարակության արդիականացմանն ուղղված բարեփոխումների գործընթացը։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես՝ Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը կբերի ՀՀ Սահմանադրության բարեփոխումների գործընթացին:

ՀՀ նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը զրուցել են ԵԽ օրակարգի, Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների ընթացքի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button