Համայնքները գյուղատնտեսների կարիք ունեն. մասնագետները քիչ են, աշխատավարձերը՝ ցածր


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Գյուղատնտեսությունը մեր երկրի կառավարության որդեգրած գերակա ուղղություններից է, ու թերևս ամենառիսկայինը: Արդեն մի քանի տարի է, որ պետությունը դեմքով դեպի գյուղն է շրջվել, ամեն կերպ փորձում է աջակցել գյուղացիներին, վերջիններիս մեծ մասը, սակայն, կարծում է, որ գյուղացին մենակ է իր հոգսերի հետ: Ամենառիսկային համարվող ոլորտում անկանախտեսելին թերեւս բնության քմահաճույքներն են: Ամենավառ ու ամենաթարմ ապացույցը, այս տարվա մայիսի 12-ին Արմավիրի մարզի 40 և ավելի հայանքներում տեղացած կարկուտն էր. որի հետևանքով արմավիրցիները մեծ չափի վնասներ կրեցին:
Ի թիվս ֆինանսական ու այլ աջակցությունենրի՝ համենայնդեպս՝ պատկան մարմիններն այսպես են հայտարարում, ամիսներ շարունակ արտակարգ ռեժիմով աշխատեց ու խորհրդատվություններ կազմակերպեց Արմավիրի գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնը: Նմանատիպ խորհրդատվական աջակցության փորձ է արվում իրականացնել ՀՀ բոլոր գյուղական համայնքներում: Շուրջ 200 մասնագետներից յուրաքանչյուրը սպասարկում է ութից տասը գյուղ: Որքանո՞վ է արդյունավետ նման խորհդատվության տրամադրումը, և վերջապես 50-52 հազար դրամ աշխատավարձ ստացող մասնագետից ո՞վ և ինչպե՞ս է պահանջելու որակյալ խորհրդատվություն։
Սա միակ խնդիրը չէ, գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնները ոչ միայն բարձրակարգ մասնագետների պակաս ունեն, այլ նաև՝ ընդհանրապես, թեկուզ և մասնագիտական միջին կարողությունների տեր մասնագետների: Գեղարքունիքի մարզիում, օրինակ, ամիսներ շարունակ ոչ թե մեկ, այլ չորս խորհրդատուի կարիք կա։ «Շատ տեղերում նաև թափուր տեղեր ունեն, Գեղարքունիքի ԳԱՄԿ-ում, Վարդենիսի տարածաշրջանում ունենք։ Մենք չորս մասնագետի կարիք ունենք, որոնք ամիսներ շարունակ չեն համալրվում: Հասկանալի է, ցածր աշխատավարձով՝ մոտ 52-55 հազար դրամ աշխատավարձով, հասկանալի է, որ սա չի շահագրգռում որակավորում ունեցող մասնագետներին ներգրավելու այդպիսի ծառայությունների մեջ»,- ասում է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյան։
Ինչևէ, խորհրդատության ու տարբեր միջոցառումների շնորհիվ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հաջողվեց ինչ- որ կերպ պայքարել վաղահաս կարտոֆիլում ու լոլիկում տարածված ցեցի դեմ։ ԳԱՄԿ փոխտնօրեն, գյուղատնտեսության նախարարության ուսուցման և նորարարական ծրագերի բաժնի պետ Զաքար Գաբրիելյանի փոխանցմամբ՝ միշտ չէ, որ կարողանում են գյուղացիներին նորարարարություն փոխանցել , այդուհանդերձ, «իրականացրել ենք 1200 տեխնոլոգիաներ, յուրաքանչյուր տարի ավելիք քան 11 հազար օրինակ այսպիսի թերթիկներ ենք տպագրում»։
Առաջիկայում, իհարկե, աստիճանաբար, գյուղացիներին մատուցվող խորհրդատվությունն էլ վճարովի կդառնա։ Կառավարությունը ԳԱՄԿ-երի առջև խնդիր է դրել. պետք է ինքնաֆինանսավորման անցնեն։ Նշենք, որ նախկինում նրանց ՀԲ- ն էր ֆինանսավորում: Գյուղնախարարությունում, իհարկե, տեղյակ են գյուղացիների վճարունակությունը ցածր է, ելքեր են փնտրում: