ԿարևորՔաղաքական

Խորհրդարանն սկսեց քառօրյան. մեկնարկը Աբրահամյան- Փաշինյան- Փոստանջյան եռանկյունիում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր բավականին բուռն է սկսել հերթական քառօրյայի աշխատանքը: Օրակարգի հաստատումը խորհրդարանականներից պահանջել է մոտ 1 ժամ: Իսկ հարցը, որ ձգձգել է օրակարգի հաստատումը, օրակարգի հետ ուղիղ կապ չի ունեցել: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քառօրյայի մեկնարկին   կրկին բարձրացրել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանապահների միջև Սյունիքի մարզում  սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպի հարցը: Դրան անդրադարձել են թե միջադեպի մասնակից «Ժառանգության» ներկայացուցիչը,  թե խորհրդարանի խոսնակը: Իսկ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 75 հարց ու միջազգային 31 պայմանագիր:
Ի դեպ՝ համաձայնագրերի թվում է  2012-ի դեկտեմբերին Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համաձայնագիրը վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին: Այն, հիշեցնենք,  վերջերս վավերացվել է Եվրախորհրդարանի կողմից և սպասում է Ազգային ժողովի վավերացմանը:  

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր քառօրյայի մեկնարկին կրկին անդրադարձավ   «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանապահների միջև Սյունիքի մարզում  սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպին: Հարցը Հովիկ Աբրահամյանին պատգամավորն ուղղել էր  նաև նախորդ քառօրյայի ընթացքում: ԱԺ նախագահն ասել էր, որ ռուսական զորքերի հրամանատարից պարզաբանող նամակ է ստացել, բայց թե ինչ էր պարզաբանվել նամակում՝ Հովիկ Աբրահամյանը չէր մանրամասնել: Այսօր ասաց, որ նամակի բովանդակությունը խմբակցությունների ղեկավարներին ներկայացրել է։ «Եթե անհրաժեշտություն կա, կարող եմ յուրաքանչյուր պատգամավորին ներկայացնել»:

Այդ պատասխանը ոչ միայն  պատգամավորներին, այլև հանրությանն  է անհրաժեշտ, պնդեց Փաշինյանը: Խնդիրը, ըստ նրա, ոչ թե միջադեպի դետալներն են, այլ՝ գործողությունների իրավական հիմնավորումները։ «Իրավական ինչ հիմքով են օտարերկրյա հատուկ ծառայությունները կատարել գործառույթներ, որոնք վերապահված են ՀՀ իրավապահ մարիններին և խոչընդոտել պատգամավորի, ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը»։

Եթե ամեն ինչ տեղի ունեցած լիներ այնպես, ինչպես ներկայացնում եք, մտահոգությունները տեղին կլինեին, ասաց Հովիկ Աբրահամյանն ու նկատեց, որ  տեղի ունեցածը,  ըստ ռուս սահմանապահների,  չի համընկնում Զարուհի Փոստանջյանի ներկայացրածին: Ո՞ւմ եք հավատում ՝ ռուս սահմանապահների՞ն, թե՞ պատգամավորին, հարցրեց Զարուհի Փոստանջյանը։

«Այո, ես Ձեր հայտարություններին չեմ հավատում: Կյանքը ցույց է տալիս, որ Դուք կարող եք նաև զրպարտել, հայտարարություններ անել, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ո՞նց հավատամ: Ես հավատում եմ պաշտոնական գրությանը»,- հետեւեց Հովիկ Աբրահամյանի պատասխանը։

Սահմանապահների գրության շուրջ քննարկումն այնքան երկարեց, որ լցրեց  հանրապետական պատգամավորների համբերության բաժակը: Մի քանի պատգամավորի պատճառով ոտնահարվում է մեծամասնության իրավունքը, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, գործընկերներին կոչ արեց պահել չափի զգացողությունը։

Իսկ առաջիկա քառօրյայի հաստատված օրակարգում ընդգրկվեց  75 հարց ու միջազգային 31 պայմանագիր է:  Ի դեպ՝ դրանց  թվում են Հայաստանի և Եվրամիության միջև  Բրյուսելում ստորագրված 3  համաձայնագիր:  Դրանցից մեկը, օրինակ, վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրն է, որը  վերջերս վավերացվեց Եվրախորհրդարանի կողմից և այժմ սպասում է Հայաստանի օրենսդիր մարմնի վավերացմանը։

Իսկ նստաշրջանի օրակարգ չընդգրկված նախագծերը 3-ն էին: Դրանցից երկուսը ԲՀԿ խմբակցության պատգամավորների հեղինակած նախաձեռնություններն էին, մեկը՝ ՀԱԿ-ինը: Կոնգրեսի պատգամավորները առաջարկում  էին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում ուժը կորցրած ճանաչել այն  հոդվածները, որոնք վերաբերում են արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի օգտագործմանը: Իսկ ԲՀԿ նախագծերը սոցիալական բնույթի էին: Դրանցից մեկով խմբակցությունը խնայբանկում մինչև 1993-ը ավանդադրված գումարների փոխհատուցման նոր մեխնաիզմ է առաջարկում, մյուսով առաջարկում է նվազագույն աշխատավարձ սահմանել 75 հազար դրամը, գործող 45 հազարի փոխարեն։

Երկու նախագծերին էլ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել: Սա ինչպես խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, ԲՀԿ-ն, որպես քաղաքական վերաբերմունք է ընկալում։ «Այս վերաբերմունքը մենք ընկալում ենք որպես այս կառավարության հստակ քաղաքական մոտիվացիա, քաղաքական վերաբերմունք «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության հանդեպ»։

Բացասական եզրակացություն ստացած նախագծերից մեկն էլ  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հեղինակած նախաձեռնությունն է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին»: Այն, սակայն, ի տարբերություն մյուս մերժվածների,  կքննարկվի Ազգային ժողովի հաջորդ քառօրյայում` երեքշաբթի օրվա երկրորդ նիստի ընթացքում։ «Ժառանգությունը» հարցն արտահերթ  է համարել:

Back to top button