Միջազգային

ԵՄ- ն հետաձգել է Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի որոշման ընդունումը

Այսօր ԵՄ խորհուրդը արտգործնախարարների մակարդակով քննարկել է  ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրի ստորագրման պահանջների կատարման ընթացքը, սակայն հարցին առնչվող որոշման ընդունումը կհետաձգվի։ ԵՄ-ում վստահ են, որ Կիևը չի հասել անհրաժեշտ առաջընթացի, գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:

ԵՄ խորհրդի հանդիպումը, որը սկսվել է այսօր առավոտյան Լյուքսեմբուրգում, մի քանի ամիս անվանում էին Ուկրաինայի համար «պատմական» և «որոշիչ»: Ըստ այդմ՝ Եվրամիության խորհուրդը արտաքին գործերի նախարարների մակարդակով հետաձգել է Ուկրաինայի հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման մասին որոշման կայացումը: ԵՄ պաշտոնյաները գտնում են, որ երկիրը դեռ չի հասել անհրաժեշտ առաջընթացի:

Ինչպես հայտնում է Face news-ը, ճգնաժամից ելք գտնելու համար Կիև և Խարկով կայցելի Պատրիկ Քոքսի ու Ալեքսանդր Կվասնեվսկու առաքելությունը` արտահերթ այցով: ԵՄ խորհուրդը որոշել է հետաձգել որոշումը, որպեսզի Ուկրաինան անհրաժեշտ բարեփոխումները կատարի:  «Երբ քաղաքական կամք կլինի ստորագրման համար, խորհուրդը կհաստատի ԵՄ կողմից ստորագրման մանդատը: Այդ իրավաբանական ակտը պետք է ընդունվի խորհրդի նիստում նոյեմբերին»,- հայտարարել է խորհրդի մամուլի քարտուղար Սյուզաննա Քիֆերը։

Մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որն անցնելու է նոյեմբերի 28-29-ը, տեղի կունենա խորհրդի միայն մեկ նիստ, այն նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 18-ին: Անցած շաբաթ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախագծից հանել են Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։ Եվրամիությունը պահանջում էր Կիևից բարեփոխել ընտրական օրենսգիրքը և ազատ արձակել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին:

Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել օրենքը, որը թույլ կտա Տիմոշենկոյին բուժվել արտերկրում, եթե օրինագիծը ստանա խորհրդարանի հավանությունը: Միևնույն ժամանակ՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները վստահ են, որ նախագահը պետք է ներում շնորհի Տիմոշենկոյին: Ավելի վաղ Տիմոշենկոն ընդունել էր Գերմանիայում բուժվելու առաջարկը, որը նրան փոխանցել էին Ուկրաինայում Եվրախորհրդարանի առաքելության դիտորդներ Պատրիկ Քոքսը ու Ալեքսանդր Կվասնեվսկին:

Ուկրաինայի նախագահին կից ներման հարցերով հանձնաժողովի առաջիկա նիստը նշանակված է հոկտեմբերի 24-ին։

Back to top button