Հասարակություն

Եղել է Ծառուկյան- Բաղդասարյան «քաղաքակիրթ բանավեճ»

Հայկական լրատվամիջոցներում այսօր առավոտվանից քննարկվում էր նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։ Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար օդանավակայանում են գտնվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ու նախագահի օդանավի վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ վեճի են բռնվել Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ըստ լուրերի վեճը բավականին լուրջ է եղել, հնչել են անգամ վիրավորական խոսքեր։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև տեղի է ունեցել քաղաքակիրթ բանավեճ, որի արդյունքում երկուսն էլ,  իրենց կարծիքին մնալով, հեռացել են:, ասել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Պատճառը` վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված հարցերն են»,- պարզաբանել է նա` ընդգծելով, որ այդ հարցում կողմերի միջև ինչ- որ անհամաձայնություն է եղել: Ավելին՝ Հովհաննես Մարգարյանն ասել է, որ  ուղղակի եղել է տղամարդկային բանավեճ, որի ընթացքում յուրաքանչյուրն իր կարծիքն է արտահայտել:  «Պատահում է նաև այնպես, որ տեղի են տալիս քաղաքական գործիչների նյարդերը, իսկ այս միջադեպը հենց դրա արդյունքն է եղել»,- պարզաբանել է Մարգարյանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Հայաստանում չկա և չի կարող լինել որևէ քաղաքացի՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, ով կհամարձակվի բարձր ձայնով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, որովհետև նա երբևէ որևէ մեկին չի վիրավորել և մշտապես հարգալից է եղել իր գործընկերների հետ: «Ճիշտ կլինի, որ իմ հարգարժան գործընկեր-լրագրողները հիմնական խնդիրը թողած, այն է՝ ինչպես է մարդը մի շենքում ինքն իրեն հռչակում է ինչ որ ֆեդերացիայի նախագահ, չզբաղվեն այլ հարցերով: Լավ կլինի, որ դիմեք Օլիմպիական կոմիտեի քարտուղարին ու ստանաք հստակ պարզաբանում»,- ասել է Զոհրաբյանը՝ շեշտելով, որ այդ «քաղաքային ֆոլկլորի» պատմությունն իրականությանը չի համապատասխանում։

Ցուցադրել ավելի
Back to top button