ԿարևորՀասարակություն

832 պատահար, 43 զոհ, 1044 վիրավոր. ամփոփվել են ՃՈ աշխատանքի արդյունքները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Անցած 9 ամիսների ճանապարհային ոստիկանության  աշխատանքն է այսօր ամփոփել Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը: Վերջին 9 ամիսներին Երևան քաղաքում տեղի է ունեցել 832 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 43, վիրավորվել 1044 մարդ: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցված մահվան ելքով դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7-ով աճել են: Սակայն ամփոփելով 9 ամիսների ճանապարհատրանսպորտային պատահարները` Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ միայն ճանապարհատրանսպորտային պատահարների, այլև մահվան ելքով դեպքերն են նվազել։

Արսեն Արշակյանի հավաստիացմամբ՝ արտոնյալ վարորդներ այլևս չկան: Նա կարծում է, որ այդ միտքը վաղուց պետք է դուրս եկած լիներ: «Ռադիոլուրի» դիտարկմանը՝ թե ՃՈ տեսուչներն անտեսում են երկրորդ, երրորդ շարքով կանգնած մեքենաներին, չեն տուգանում վարորդներին, Արսեն Արշակյանը պատասխանեց, որ ՃՈ-ում սեպտեմբերի 5-ից գոյություն ունի քարշակ տրանսպորտային միջոցով ծառայություն և եթե տեսուչը տեսավ, որ տրանսպորտային միջոցը կայանել է երկրորդ կամ երրորդ շարքում, կապի միջոցով քարշակ տրանսպորտային միջոցը ժամանում է դեպքի վայր և հաշված րոպեների ընթացքում տեղափոխում է խախտում թույլ տված տրանսպորտային միջոցը։
Արսեն Արշակյանը նաև հայտնեց, որ հսկողությունն ուժեղացվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Արդյունքում՝ վերջին 9 ամիսներին  Ճանապարհային ոստիկանությունից  ծառայությունը ոչ պատշաճ կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ պարկեշտ վերաբերմունք ցուցաբերելու, վարչական պատասխանատվության չենթարկելու համար աշխատանքից ազատվել է 5 սպա:

Ցուցադրել ավելի
Back to top button