ԿարևորՏնտեսական

Տ. Սարգսյան. Ճգնաժամային աշխարհը լրացուցիչ բարդություններ է ստեղծել տնտեսագետների համար

Երևանի պետական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտնի տնտեսագետներ, ուսանողներ։

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ տարեցտարի այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ընդլայնվում մասնակիցների շրջանակները։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման համաժողովները պետք է նպաստեն տնտեսագիտական մտքի զարգացմանը,  երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնեն տնտեսագիտական հետազոտությունների նկատմամբ: «Մենք պարտավոր ենք Երևանի պետական համալսարանում ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի մարդիկ մոտիվացվեն՝ հետազոտություններով զբաղվելու համար: Ամենայն ուշադրությամբ պետք է հետևենք այդ հետազոտություններին և հնարավորինս օգտագործենք այն հիմնական գաղափարները, որ Հայկական տնտեսագիտական միությունը կներկայացնի մեզ»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Վարչապետը նշել է, որ ժամանակակից ճգնաժամային աշխարհը լրացուցիչ բարդություններ է ստեղծել տնտեսագետների համար՝ միևնույն ժամանակ վերջիններիս աշխատանքը դարձրել հետաքրքիր: «Եթե հետևենք Նոբելյան մրցանակներին, որոնք տրվում են տնտեսագիտության ոլորտում, կտեսնենք այն արդիական թեմաները, որոնք հետաքրքրւմ են տնտեսագետներին: Ակնհայտ է, որ բազմաթիվ օրինաչափություններ, որ դասական տնտեսագիտությունը մեզ տալիս էր, շատ հաճախ չեն դրսևորվում: Դրանք փոխարինվում են այլ օրինաչափություններով, միաժամանակ ստիպելով տնտեսագետներին սերտորեն համագործակցել այլ մասնագիտությունների՝ սոցիոլոգիայի, հոգեբանության մասնագետների հետ: Այդ ամենը ստիպում է մեզ ընդլայնել ուսումնասիրությունների շրջանակները»,- ասել է գործադիրի ղեկավարը։

Վարչապետի դիտարկմամբ՝ այսօր հետադարձ հայացք գցելով վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում դրսևորված  սոցիալ- տնտեսական, ֆինանսական բավականին բարդ գործընթացների վրա, փորձ է արվում հասկանալ, թե ինչ նոր մարտահրավերների առջև կարող ենք կանգնել: «Իհարկե, այդ տեսակետից միջազգային համադրումները, անցումային երկրներում դրսևորվող օրինաչափությունների ուսումնասիրությունները մեզ օգնում են ավելի ճիշտ հասկանալ մեր առանձնահատկությունները և օրինաչափությունները, որոնք այսօր առկա են մեր տնտեսական համակարգում»,- նշել է  Տիգրան Սարգսյանը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ կառավարությունն ուշադրությամբ հետևելու է համաժողովի ընթացքում ծավալվելիք քննարկումներին։

Եռօրյա համաժողովին առաջին զեկուցմամբ հանդես է եկել աշխարհում ժամանակակից տաս լավագույն տնտեսագետներից մեկի համարումն ունեցող պոլսահայ Տարոն Աջեմօղլուն:

Ցուցադրել ավելի
Back to top button