Միջազգային

Նախագահի թեկնածուն խոստանում է Հայոց պատմությունն ու գրականությունը ուսուցանել նաեւ վրացական դպրոցներում

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վրաստանի նախագահի թեկնածու Շալվա Նաթելաշվիլին նախագահ ընտրվելու դեպքում կբացի Վրաստանում փակված բոլոր հայկական դպրոցները, կվերացնի Հայաստանի ու Վրաստանի միջև գոյություն ունեցող սահամանագիծը: Լեյբորիստական կուսակցության ղեկավարը այլ խոստումներ եւս տվել է Թբիլիսիիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Վրաստանի նախագահի թեկնածու Շալվա Նաթելաշվիլին իր նախըտրական ծրագրում հատուկ կետ չի հատկացնում ազգային փոքրամասնություններին: Նա հատուկ ծրագիր չի մշակել, քանի որ, ինչպես ասում է. «մենք մեկ միասնական պետության քաղաքացիներ ենք, բոլորս հավասար ենք»:

Թբիլիսիում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա խոստացավ քայլեր ձեռնարկել, «որ Հայոց պատմությունն ու գրականությունը ներառվեն ոչ միայն հայկական, այլև վրացական դպրոցներում։ Չէ՞ որ դա մեր ընդհանուր մշակույթն է»։ Բացի դա՝ խոստացավ` վերջին տարիներին փակված բոլոր հայկական դպրոցները կբացի: Ստեղծելու է նաև Կովկասյան խորհրդարան Եվրախորհրդարանի նմանությամբ: «Մեր ապագան միասին է լինելու, դրա համար պետք է միասին կառուցենք այն, առանձին կկործանվենք»,- ասում է։

Մի խոսքով՝ ինչպես ասաց, իր նախագահության տարիները մեր փոխհարաբերությունների համար կդառնան լավագույն ժամանակաշրջանը։ «Ինձ դուր չի գալիս երկու երկրների միջև առկա սահմանագիծը: Պետք է լինի ընդհանուր տարածություն, առանց սահմանապահների։ Մարդիկ պետք է ազատ տեղաշարժվեն: Ողջ աշխարհը միանում է, իսկ մենք առանձնանում ենք: Դա ճիշտ չէ. մարդիկ տանջվում են. երկու կողմում էլ տուժում է բիզնեսը»,- ասաց Նաթելաշվիլին։

Ցուցադրել ավելի
Back to top button