ԿարևորՄշակույթ

Հեղափոխակա՞ն, արժանապատի՞վ, թե՞ գեղագետ. գրողները ընտրելու են ԳՄ նախագահին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանի գրողների միությունը վաղը կընտրի նոր նախագահ: Գրանցված թեկնածուները երեքն են՝ ՀԳՄ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Միլիտոնյան, բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյան, արձակագիր, Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն Դավիթ Սարգսյան։ 

Նախընտրական այն ծրագիրը, որ ներկայացնում  է ՀԳՄ նախագահի թեկնածու Դավիթ Սարգսյանը,  բնորոշում է «բարի ցանկությունների փաթեթ», որն առավել առարկայական կարող է դառնալ միայն ԳՄ-ի ներքին բովանդակությանը մանրազնին ծանոթանալուց հետո: ՀԳՄ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Դավիթ Սարգսյանը պայքարելու է, որպեսզի վերականգնվի գրողների միության երբեմնի  ծանրակշիռ դերն ու արժևորվի հայ գրողի խոսքը: «Գրողների միությունը բարդ կառույց է, սա կուսակցություն չէ, որտեղ մարդիկ միավորված են մեկ գաղափարի շուրջ, այստեղ յուրաքանչյուրն ընդգծված անհատականություն է և իր ուրույն գաղափարի կրողը»,- ասում  է Դավիթ Սարգսյանը՝ ընդգծելով, որ գրողը միշտ պետք է քայլի առջևից ու  լինի հասարակության առաջ մղող ուժը, ինչ որ տեղ՝ հեղափոխական։

«ՀԳՄ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում շարունակելու եմ ստեղծագործական և սոցիալական հարցերի ուղղությամբ նախորդ տարիներին գնահատված դրական աշխատանքը՝ հիմնվելով կոլեգիալ գործունեության սկզբունքի վրա»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ԳՄ նախագահի թեկնածուներից Էդուարդ Միլիտոնյանը, ով, ի դեպ, ամենևին չի կիսում տեսակետը, թե անկախության տարիներին Հայաստանի գրողների միության դերի արժեզրկում է տեղի ունեցել։ Միլիտոնյանը պատրաստ է պայքարել ոչ միայն ստեղծագործական առողջ միջավայրի ապահովման, այլև հայ գրողի հեղինակության և այլ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ արժանապատիվ սոցիալական վիճակի համար։

«Շարունակել համագործակցել «Մատչելի բնակարան երիտասարդներին»  ծրագրի հետ, սակայն առաջարկել և ձգտել բնակարանային վարկերի տոկոսների նվազեցմանը, նպաստել ՀԳՄ  չաշխատող անդամների աշխատանքի տեղավորմանը: Առաջարկվել է և առաջիկայում կքննարկվի ՀԳՄ անդամներին  կառավարության կողմից սոցիլական փաթեթի տրամադրման հարցը, որի  միջոցով  գրողները կստանանա բժշկական ապահովագրություն»,- մեջբերումը Էդուարդ Միլիտոնյանի նախընտրական ծրագրից է: Գրական հանրության շրջանում երկարամյա տարիների փորձը նրան վստահություն է ներշնչում: «Գրողների հետ աշխատանքից, ինչպես ասում է, չի վախենում, իսկ մրցակիցներին մաղթում է առողջություն, գրելու ներշնչանք, միասին աշխատելու կամք։

ՀԳՄ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների թվում նաև բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանն  է: Նրա բնորոշմամաբ՝ «ԳՄ նախագահի որևէ թեկնածու այստեղ չի հայտնվի  Ապարանում երկնաքեր հայտնաբերելու միամտությամբ, իսկ իր ծրագրի առանցքը հետևյալն է՝ Հյաաստանի գրողների միությունը բոլոր հայ գրողների միությունն է»։ Հովիկ Հովեյանն, ի դեպ, զզվում է հեղափոխություն բառից և չի ընդունում այն կարծիքը, որ գրողն իր էությամբ և մտածողությամբ հեղափոխական պետք է լինի: «Գրողի գործը գեղագիտություն ստեղծելն է»,- ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button