Հասարակություն

Հացամթերքի շուկայում հիգիենայի ապահովման խնդրում առաջընթաց չկա

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հացաբուլկեղեն, կաթնամթերք ու մսամթերք. Սպառողների ազգային ասոցիացիան մոնիտորինգ է  իրականացրել վերը նշված շուկաներում և այսօր՝ Սննդի արտադրության միջազգային օրը, կրկին  բարձրացում է այն խնդիրները, որոնց մասին, եթե ոչ բոլոր սպառողները, ապա նրանց մեծ մասը հաստատ գիտի: Տարիներ շարունակ սպառողները բարձրաձայնում են՝ հացաբուլկեղենը առևտրի կետեր է հասնում ոչ բավարար հիգիենիկ մակարդակով: Թե ինչիպիսի  մեքենաներով ու  սանիտարահիգիենիկ ինչպիսի պայմաններում է հացը սպաոռղին հասնում, տեսնում ենք ամեն օր: Սպառողների ազգային ասոցիացիայի անդամներն այսօր հայտարարեցին, որ  խնդրի կարգավորման համար նույնիսկ խորհրդարան են դիմել, սակայն, ինչպես ասում են «ձայն բարբառոյ յանապատի»: «Հացի արտադրությունը բարձիթողի վիճակում է։ Ցավոք սրտի՝ մեր շուկաներում հացաբուլկեղենի մեկ երրորդը անհայտ ծագման են»,- ասում է ասոցիացիայի մոնիտորինգի խմբի ղեկավար Ռուբեն Հայթյան։

Շատ հաճախ հացաբուլկեղեն արտադրողները նույնիսկ չեն էլ տարբերում խմորիչն ու բարելավիչը: Շուկայի 98 տոկոսը, ըստ մոնիտորինգի արդյունքների, տեղական արտադրության է:

Այս առումով գրեթե նույն պատկերն է  նաև կաթնամթերքի շուկայում։ Տնտեսվարողների 40-60 տոկոսն աշխատում են տեղական հումքով: «Թամարա» ընկերության արտադրության պետ Վարդան Ոսկանյանը վստահեցնում է, որ  վերջին շրջանում առավել հաճախ քննադատության արժանացող  չոր կաթը (կամ կաթի փոշին), վտանագովոր չէ առողջության համար, պարզապես պետք է սպառողը դրա մասին տեղեկացված լինի: Կոնկրետ այս ընկերությունը կաթը չորացնում է, քանի որ ձմռանը տասն անգամ նվազում են արտադրության ծավալները:

Չոր կաթը նրանք օգտագործում են պաղպաղակի արտադրության մեջ: Անցյալ տարվա նույն այս ամիսների համեմատ «Թամարան» կաթը գյուղացիներից վերցնում է հիսուն դրամ ավելի թանկ, թերևս՝ հենց այս հանգամանքով են ընկերությունում բացատրում վերջին շրջանի թանկացումները:

Մսամթերքի շուկայում 100 տոկոսն իրացվում է  տեղական արտադրությունը, սակայն, տեղական արտադրողները հիմականում  ներկրված  հումք են օգտագործում: Սպառողների իրավունքի պաշտպանը ասում է, որ կան երկրներ, որտեղ ոչ թե գոմեշի միս են օգտագործում, այլ ուղտի, ձիու։ Այստեղ որևէ վտանագովր բան չկա, վստահեցնում է շուկայում բավականին լայն ճանաչում ունեցող «Բարի Սամարացի»  ընկերության կոմերցիոն  տնօրեն Վահե Հարությունյանը՝ նկատելով, որ իրենք  երշիկեղենի արտադրության մեջ օգտագործում են նաև ներկրված միս։ «Կազմակերպությունը տարին 12 ամիս մթերում ունի, մեկ քառորդը օգտագործում ենք տեղական միս: Մնացած մասը ներկրում, ենք Արգենտինայից, Բրազիալիայից, քանի որ տեղական միսը չի բավականացնում: Շուկայի առաջարկն ու պահանջարկը չի համապատասխանում»։

Հավելեմ, որ սննդամթերքի անվտանգությունը վերահսկում է  գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունը:

Back to top button