ԿարևորՔաղաքական

Ադրբեջանում մարդկանց մեծ մասը ցանկանում է խաղաղություն, ասում է Ադրբեջանի եվրոպական շարժման ղեկավարը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր Երևանում մեկնարկեց Եվրոպական շարժման Հայաստանի և Ադրբեջանի ղեկավար կազմի երկօրյա հանդիպումների շարքը: Դրանց մասնակցում են Միջազգային Եվրոպական շարժման ներկայացուցիչները: 

Միջազգային Եվրոպական Շարժման գործադիր խորհուրդը շուրջ մեկ տարի առաջ քննարկեց Հարավային Կովկասի հակամարտությունների խնդիրը և հաշվի առնելով հանգամանքը, որ կազմակերպության խորհուրդներ գործում են թե Հայաստանում, թե Վրաստանում և թե Ադրբեջանում՝ որոշում կայացվեց կազմակերպել Եվրոպական շարժումների ղեկավար կազմի հանդիպումներ Վրաստանում և քննարկել փոխադարձ վստահության խնդիրը։ Ըստ Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանի՝ այս նախաձեռնությունն ստացավ «Թբիլիսիի գործընթաց» անվանումը։

Հայ և ադրբեջանցի երիտասարդների թբիլիսյան երկու արդյունավետ հանդիպումներից հետո որոշում կայացվեց հանդիպել նաև Երևանում և Բաքվում, հանրությանը ներկայացնել քննարկումների արդյունքները և ազգերի միջև փոխվստահության բարձրացման կարևորությունը հակամարտությունների կարգավորման և խաղաղության կառուցման գործում։

Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ ԼՂ հակամարտության լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով՝ մերժելով ռազմական ագրեսիայի բոլոր դրսևորուները։ «Ժողովրդական դիվանագիտությունը հզոր գործիք է և այն հնարավոր չէ գերագնահատել։ Ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, սակայն խաղաղության կառուցում դեռևս տեղի չի ունեցել: Հակամարտության փոխակերպման այս փուլում կարևոր է ներգրավել երկու երկրների քաղաքացիական հասարակություններին և հանդիպումների վայր ոչ թե պետք է լինի Թիֆլիսը կամ Բրյուսելը, ինչպես դա հաճախ է լինում, այլ Երևանը, Բաքուն և Ստեփանակերտը»։

Երևանյան հանդիպումը պետք է դիտարկել որպես փոխադարձ վստահության դրսևորման կարևոր մի քայլ: Այս առումով այն կարևորեց և Երևան ժամանած  Ադրբեջանի եվրոպական շարժման նախագահ Ռամին Հաջիլին։ «Իրականում այս նախաձեռնությունը տրամադրում է դրական ընթացքի, քանի որ գիտակցում ենք, որ խաղաղ իրավիճակի պահպանումը ավելի դժվար է, քան պատերազմ վարելը՝ շարունակելով հակամարտությունը: Կան խմբեր, որոնք հետաքրքրված են հակամարտության շարունակման հարցում՝ բացառելով խաղաղության հաստատումը: Հենց այս ժամանակաշրջանում մենք ուժ ենք գտնում մեր մեջ շարունակել երկխոսությունը, ակտիվ մասնակցելով այս գործընթացին»,- ասաց նա։

Ադրբեջանցի երիտասարդը պատմեց, որ ղարաբաղյան պատերազմի հետևանքով 1993 թվականին ընտանիքով լքել են Ֆիզուլին՝ հետագա տարիներին հայտնվելով դժվարին պայմաններում, քանի որ ադրբեջանական իշխանությունները չէին ապահովել հազարավոր տեղահանված անձանց տարրական կենցաղային պայմանները։ Վերհիշելով անցած տարիները՝ Ռամին Հաջիլին նշեց, որ եկել է Երևան խոսելու միայն խաղաղության մասին։ «Ես հավաստիացնում եմ, որ Ադրբեջանում մարդկանց մեծ մասը ցանկանում է խաղաղություն: Որպես առաջնային տարբերակ խաղաղության կողմ է և ադրբեջանական կառավարությունը, միևնույն ժամանակ նշելով, որ եթե հակամարտությունը հնարավր չի լինի կարգավորել խաղաղ ճանապարհով, ապա կմնա ռազմական լուծումը»:

Ըստ Ադրբեջանի եվրոպական շարժման նախագահի՝ երկրում առկա է պարտված կողմի բարդույթը, ինչը նպաստում է ռազմատենչ տրամադրությունների հրահրմանը: Նա խոստովանեց, որ չի համարում հայերին որպես թշնամի և այս առումով սատարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ադրբեջանական ժողովուրդը թշնամի չէ:  Միևնույն ժամանակ՝ Ռամին Հաջիլին հայտարարեց, որ «Հայաստանը պետք է ցուցաբերի բարյացակամություն՝ թույլ տալով ազատել 6 գրավված շրջանները, որտեղ երբեք հայեր չեն բնակվել»: Այս պարագայում խաղաղության մասին ավելի շատ կխոսվի, նշեց հյուրը:

Ըստ նրա՝ հակամարտության մեջ ապակառուցողական դեր է խաղում Ռուսաստանը, շարունակելով Ստալինի որդեգրած գիծը: Ադրբեջանցի երիտասարդը չի ակնկալում, որ վերադառնալով Բաքու կունենա խնդիրներ տեղի իշխանությունների հետ: Հաջիլիի խոսքով՝ միջազգային հովանու ներքո հայկական կողմը կարող է մեկնել Բաքու պատասխան այցով: Համենայն դեպս՝ նա հրավիրեց իր հայ գործընկերոջը՝ Վիկտոր Ենգիբարյանին հաջորդ անգամ հանդիպել Ադրբեջանի մայրաքաղաքում:

Ցուցադրել ավելի
Back to top button