Քաղաքական

Վիրահայ համայնքի ձայները կբաժանվեն հիմնականում երեք մասի

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Հաջորդ շաբաթ Վրաստանում նախագահական ընտրություններ են: Այս ընտրությունները կարևոր են մի քանի առումներով. առաջին հերթին, ինչպես որոշ փորձագետներ են կանխատեսում, վերջ է դրվելու երկրում արդեն մեկ տարի շարունակվող երկիշխանությանը: Հիշեցնենք, 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում փոփոխված Սահմանադրության համաձայն, հաղթած «Վրացական երազանք» կոալիցիան ձևավորեց կառավարություն, ըստ այդմ՝ գործող նախագահին ու նրա կուսակիցներին դարձնելով ընդդիմություն: Այս պայմանններում ինչպիսի դիրքորոշում ունի հայ համայնքը մայրաքաղաք Թբիլիսիում և Ջավախքում:

Վրաստանի մայրաքաղաքում եւ հայերով բնակեցված Ջավախքի շրջանում հայության նախընտրական տրամադրությունները խիստ տարբերվում են: Նման կարծիքի է «Բազմազգ Վրաստան» ՀԿ ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Նրա ղեկավարած կազմակերպությունը, որ սկսած 2003 թ մոնիթորինգ էր անցկացնում ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, այս ընտրությունները համարում է առաջին ազատ ընտրությունները վերջին 10 տարում։

«Այսօր արդեն կարուսելների մասին խոսք չկա. չեն ասում, որ համարին պիտի ձայն տաս, սակայն վատն այն է, որ ինֆորմացիայի պակաս կա: Ժողովուրդն այսօր էլ է վախենում՝ մտածելով, որ Սահակաշվիլին դեռ նախագահ է, կարող է նույն բաներն անի, ինչ արել է։ Այսինքն՝ դեռ չեն ընդունում Իվանիշվիլիին որպես երկրի ղեկավար»։

Ավանդաբար՝ Ջավախքից ձայների մեծ մասը իշխանության ներկայացուցիչների օգտին է լինում: Եվ դա Առոնլդ Ստեփանյանը բնական է համարում։ Այս անգամ երեք կուսակցությունների թեկնածուներն էլ`Գեորգի Մարգվելաշվիլին («Վրացական երազանք»), Դավիթ Բաքրաձեն ( «Միասնական ազգային շարժում») ու Նինո Բուրջանաձեն («Միասնական Վրաստան»), որոնց միջև էլ հավանաբար կընթնա մրցապյաքարը նախագահական ընտրություններում, արդեն այցելել են Սամցխե- Ջավախեթիով:

Թեև Սահակաշվիլիի կուսակցությունից առաջադրված Բաքրաձեն այստեղ ավելի ակտիվ է, այդուհանդերձ Ստեփանյանը չի բացառում, «որ այս երեք կուսակցությունների թեկնածուներն էլ Ջավախեթիից հավասար ձայներ հավաքեն»:

Իսկ, ընդհանուր առմամբ, թե ում է ընտրելու հայ համայնքը, Առնոլդ Ստեփանյանը միանշանակ դժվարանում է կանխատեսումներ անել, քանի որ այս անգամ ոչ դասական իրավիճակ է։ «Չնայած կարող եմ ասել, որ Թիֆլիսում համայնքի 60 % ընտություն է անում սոցիալ-տնտեսական խնդիրները նկատի առնելով։ 40 % տոկոսի համար կարևոր է համայնքին վերաբերող հարցերը` եկեղեցի, դպրոց, թատրոն, լեզու։ Ինձ թվում է այդ 60 %-ի ձայները կբաշխվեն Բուրջանաձեի և Մարգվելաշվիլիի միջև: Բաքրաձեին ավելի քիչ ձայներ կհասնեն. նացիոնալներին չեն հավատում Թիֆլիսում: Իսկ 40% ձայները կկիսվի երեք մասի` Բաքրաձեի, Մարգվելաշիվու, Բուրջանաձեի օգտին: Բայց հավանաբար առաջին տեղում Մարգվելաշիվին կլինի»։

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավարը նման պատկեր է տեսնում՝ վերլուծելով վրացական քաղաքական իրադարձությունները։ «Իվանիշվիլին դեռ չի հասցրել կամ դեռ չի երևում` ինչ է արել համայնքի համար: Սահակաշվիլին որոշ բաներ արել է, կամ, ամենաքիչը, շատ է խոսել այդ խնդիրներից, իսկ Բուրջանաձեն էլ ասում է, որ Ռուսատանի հետ լավ հարաբերություններ կունենանք, ինչը հայերին, իհարկե, հետաքրքրում է»:

Ցուցադրել ավելի
Back to top button