ԿարևորՔաղաքական

Ֆասիեն առաջարկել է, որ Ռուսաստանը հրաժարվի «բանաժիր, որ տիրես»- ից, ԱՄՆ…

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ամփոփել է հոկտեմբերի 14-15-ը Բրյուսելում կայացած եվրոպահայերի 3-րդ համագումարի արդյունքները: Նրա փոխանցմամբ` ի սկզբանե պայմանավորվածություն է եղել որեւէ որոշում կամ բանաձեւ չընդունել, սակայն, այդուհանդերձ որոշ հացերի շուրջ եղել են առաջարկություններ, որոնք ընդունվել են, իսկ քննարկված հարցերն ընդհանուր առմամբ կարեւոր են եղել նրանով, որ օրակարգային են նաեւ Հայաստանում:

Եվրոպահայերի 3-րդ համագումարն անցկացվել է երկու օր: Առաջին օրը քննարկվել են ներհայկական հարցեր, իսկ երկրորդ օրվա քննարկումներն անցկացվել են Եվրախոհրդարանի շենքում, որին մասնակցել են նաեւ եվրոպացի պատգամավորներ: Համագումարին մասնակցել են նաեւ Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ:

Կիրո Մանոյանի փոխանցմամբ` նախ քննարկվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող խնդիրներ։ Որոշվել է համախմբել հայ մտավորականներին` քննարկելու նաեւ Եվրոպայում իրականացվող աշխատանքներն այդ ուղղությամբ: Եվրոպական շրջանակներում պետք է այնպիսի հարցադրումներով առաջ շարժվել, որպեսզի հայկական թեման նույնպես մաս կազմի, այսպես ասած, եվրոպական հիշողություններում: Բանն այն է, որ Եվրոպայի պատմության թանգարանում Եվրոպայի նորագույն պատմությունը հաշվվում է 1917 թ.-ից, մինչդեռ անհրաժեշտ է այնտեղ ներառել մինչեւ 1914 թվականը, որն առաջին աշխարհամարտի տարիներն են։

Կիրո Մանոյանի փոխանցմամբ` որոշվել է եւս մեկ համաժողով հրավիրել` քննարկելու նաեւ հայ համայնքների կազմակերպման խնդիրը` հաշվի առնելով վերջին 25 տարում ձեւավոված համայնքները նույնպես, ավելի կոնկրետ` հաշվի առնելով վերջին 25 տարիների ընթացքում աշխարհի հին մայրցամաք տեղափոխված հայերի առկայության հանգամանքը:

Եվրոպահայերի 3-րդ համագումարում, ՀՅԴ ներկայացուցչի փոխանցմամբ, քննարկվել է նաեւ թուրք-ադրբեջանական լոբբիստական խմբերի գործունեությանը հակազդելու միջոցները։ Սիրիահայության իրավիճակն ու ջավախահայության խնդիրները նույնպես եվրոպահայերի 3-րդ համագումարի քննարկման օրակարգում են եղել:

Եվրախորհրդարանում համագումարի աշխատանքի օրը քննարկվել է երկու թեմա` ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ: Ցեղասպանության թեմայի շուրջ հիմնականում շեշտադրումներ են արվել, որ ճանաչումն ինքնանպատակ չէ եւ որ «ճանաչում» ասելով պետք է հասկանալ նաեւ հատուցում:

Եվրոպայի հետ Հայաստանի հարաբերությունների համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂՀ խնդրին: Այս հարցով, Մանոյանի փոխանցմամբ, բավականին հետաքրքիր ելույթով է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն։ Նա կոչ է արել Ռուսաստանին` հրաժարվել «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունից, իսկ ԱՄՆ-ին հորդորել է ԼՂ հարցով միջնորդության ընթացքում հաշվի չառնել Թուրքիայի հետ իր ռազմավարական դաշնակից լինելու փաստը։

ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն տեղեկացրեց նաեւ, որ եվրոպացի մեկ երկու պատգամավորներ էլ զարմանք են արտահայտել Հայաստանի` Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման առնությամբ: Հարցադրումներից էլ ակնհայտ է դարձել, որ հայության կողմից կա հիասթափություն, որ ԵՄ-ն հստակ ու բավարար քայլեր չի իրականացրել` էներգետիկ, անվտանգության եւ տնտեսական խնդիրների բավարարման ուղղությամբ։

Back to top button