ԿարևորՔաղաքական

Տ. Սարգսյան. Եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 17-20 Հայաստանում անցկացվում է «Արարատի ստորոտին»  խորագրով միջազգային 3-րդ մեդիաֆորումը: Մերդիաֆորումի շրջանակներում հայաստան են ժամանել մեծ հեղինակություն վայելող ռուսաստանյան ու եվրոպական երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նրանք այս օրերին տարբեր  հանդիպումներ են ունենում մեր երկրի բարձրաստիճան պաշտոնայների հետ,  այցելում են  պատմամշակութային վայրեր։ Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանը նկատել է, որ տարեցտարի մեդիաֆորումի մասնակիցների թիվը ավելանում է։ Մասնակիցներն այսօր հանդիպել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Կառավարության ղեկավարը,  ի թիվս մի շարք հարցերի,  անդրադարձել է նաև Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը։

Այցելություններ պատմամշակութային վայրեր, հանդիպումներ  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու  գործընկերների հետ, շփումներ ու նոր կապեր, համագործակցության նոր հնարավորություններ. երեք օր ռուսաստանյան ու եվրոպական երկրների  մեդիադաշտի առաջատարները  մեր երկրում նման օրակարգով են առաջնորդվում:  Հոկտեմբերի 17-20  անցկացվում է «Արարատի ստորոտին»  խորագրով միջազգային 3-րդ մեդիաֆորումը: Կազմակերպիչները կարևորում են նմանատիպ ֆորումների անցկացումը, հատկապես ԶԼՄ-ների ներկայացուցիչները պետք է միմյանց ճանաչեն:

Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի խորհրդի նախագահ Աշոտ Ջազոյանը նկատում է, որ տարեցտարի մեդիաֆորումի մասնակիցների թիվն  ավելանում է, կազմակերպվող  աշխատանքների նպատակը մեկն է՝ ցանկանում են, որ աշխարհի լրատվամիջոցների ներկայացուցիչները կարողանան միմյանց հետ շփվել առանց սահմանների, քանի որ «մեր լեզուն մեկն է, մենք կարողանանք իրար հետ պրոֆեսիոնալ լեզվով խոսել, մարդկանց պատմել իրար մասին։ Ամենակարևորը սա է, սա մեր երրորդ միջագգային ֆորումն է, որը կոչվում է «Արարատի ստորոտին», երրորդը՝ ավելի շատ մարդ հավաքեց արդեն, քանի որ առաջին մեդիաֆորումին ընդամնեը քսան մասնակից էր, հիմա ունենք մոտ  քառասուն»։

«Միջազգային մեդիա դաշտում մեր խնդիրն է պարկեշտ ու պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը: Հայաստանը ոչ միայն պատմամշակութային արժեքներ կրող և հայ ժողովուրդը որպես քրիստոնեության արժեքներ կրող, այլև Հայաստանը որպես սեփական ծրագրեր ունեցող ինքնիշխան պետություն է, որը զարգանում է»,- ասում է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Մեդիաֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ՀՀ կառավարության ծրագրին և քաղաքականությանը, հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկին՝ Սփյուռքին, նրա դերին, Հայկական աշխարհի տեսլականին: «Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհի զարգացման հիմնական ռեսուրսն ինտելեկտն է, այսինքն` մարդը: Եթե ցանկանում ենք ունենալ զարգացում, ապա առաջին հերթին պետք է հասարակության համար ստեղծենք ինքնադրսևորման հնարավորություններ: Դա նշանակում է, որ առաջնահերթ պետք է բարեփոխումներ իրականացնել կրթական ոլորտում, մարդկանց պատրաստել ապրելու արագ փոփոխվող աշխարհում»,- նշեց վարչապետը:

Հայաստանի՝ մաքսային միությանն անդամակցելու որոշումը ևս վարչապետը չշրջանցեց։ «Կարծում եմ`  հասկանալի է, թե ինչու ենք մենք որոշել անդամակցել Մաքսային միությանը և ինտեգրվել Եվրասիական տնտեսական տարածքին: Դա հնարավորություն է տալիս մեր ռազմավարական գործընկերոջ և հիմնական ներդրողի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցել ավելի հիմնարար պլատֆորմի վրա, թույլ է տալիս հանել բազմաթիվ սահմանափակող գործոններ, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը հայտնվի Մաքսային միությունից դուրս։ Վերջին տարիներին ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում ՄՄ-ի շրջանակներում, և եթե մենք չինտեգրվենք ՄՄ-ին, ապա դա նոր սահմաններ կստեղծի Հայաստանի և Ռուսաստանի տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը մեզ համար անթույլատրելի շքեղություն է: Դրա համար էլ կայացվել է  քաղաքական որոշում, որ մեր երկրի տնտեսության զարգացումը պետք է լինի ՄՄ-ի շրջանակներում»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Վալերի Յակովը  ռուսական «Նովայա իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիրն է։ Դեռ  խորհրդային տարիներից լրագրությամբ զբաղվող Յակովը հիշում է՝  ԽՍՀՄ-ը մեծ երկիր էր, փլուզվեց, եղբայրական հանրապետւթյունները սկսեցին առանձին կյանքով ապրել, այժմ եկել է հատկապես նոր սերնդի ներկայացուցիչներին միմյանց հետ ծանոթացնելու, շփման հնարավորությոըւններ ընձեռելու ժամանակը։ «Պետք է պահպանել այն  դրականը, որը գոյություն ուներ մեր հարաբերությունների մեջ, երբ մենք միասին էինք ապրում մեկ երկրում»,- ասած նա։

Հավելենք, որ նախորդ երկու ֆորումներից հետո ռուսաստանյան և ոչ միայն առաջատար  լրատվամիջոցները բազմաթիվ հրապարակումներ են ներկայացրել Հայաստանի մասին:  Նմանատիպ հրապարակումներ կրկին կհայտնվեն հեռուսառադիո եթերում, տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցներում, արդեն հոկտեմբերի 20-ից հետո, երբ «Արարատի ստորոտին»  խորագրով միջազգային 3-րդ մեդիաֆորումի մասնակիցները կմեկնեն Հայաստանից:

Ցուցադրել ավելի
Back to top button