Քաղաքական

Վրաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ցանկացած որոշմանը, ասում է դեսպան Շարմանաշվիլին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի վերջին կիրակի օրը Վրաստանի քաղաքացիները նախագահի 23 թեկնածուներից պետք է ընտրեն երկրի նոր նախագահին։ Ըստ հանրային հարցումների՝ ընտրապայքարի հիմնական ֆավորիտներն են  իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացնող փոխվարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին, «Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»  կուսակցությունից ՝ խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Բաքրաձեն։


Ելույթ ունենալով «Համաձայնություն» կենտրոնի և Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի համատեղ կազմակերպված սեմինար-քննարկմանը Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին նշեց, որ գալիք ընտրություններից հետո այդ երկրի նախագահի ինստիտուտը կզրկվի առկա լիազորությունների մեծ մասից։ «Մեր մոտ ուժի մեջ է մտնում Սահմանադրության նոր խմբագրությունը և նախագահի ինստիտուտը այլևս ուժեղ չէ, ինչպես մենք սովոր էինք: Մնացած լիազորություններով նախագահը կապված չի լինի գործադիր իշխանության հետ և չի կարող խառնվել գործադրի ձևավորման և գործունեության ընթացքին»։

Դեսպանը ներկայացրեց հիմնական երեք թեկնածուների նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքականությանը վերաբերվող դրույթները: Այսպես՝ հեռացող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի զինակից Դավիթ Բաքրաձեն Վրաստանի եվրամերձեցմանը այլընտրանք չի տեսնում և այլ տարբերակներ բացառում է: Իհարկե՝ ԵՄ- ին և ՆԱՏՕ- ին անդամակցության համար Վրաստանը դեր երկար ճանապարհ պետք է անցնի, և այս հարցում Բաքրաձեն հանդես է գալիս համապարփակ մերձեցման օգտին՝ բոլոր ուղղություններով։

Այս իմաստով՝ Բաքրաձեից գրեթե չի տարբերվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված Գեորգի Մարգվելաշվիլիի դիրքորոշումները, սակայն հենց նա է համարվում Վրաստանի նախագահի պաշտոնի ամենահավանական  թեկնածուն: Մինչ կառարության կազմում ընդգրկվելը, նա որևէ պետական պաշտոն չի վարել։

Երրորդ թեկնածուն՝ Նինո Բուրջանաձեն  2003-2008 թվականներին  գլխավորում էր Վրաստանի խորհրդարանը՝ երկու անգամ լինելով երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Արտաքին քաղաքական առումով նա ի տարբերություն իր մրցակիցների ավելի զուսպ է հանդես գալիս եվրամերձեցման օգտին: Ըստ դեսպանի՝ երեք հիմնական թեկնածուները համակարծիք են հարևան երկրների, մասնավորապես, Հայաստանի հետ ռազմավարական հարբերությունների ամրապնդման հարցում։ «Եթե այս թեկնածուներից որևէ մեկը հաղթանակի, ապա մեծ տեղաշարժ չարժե ակնկալել այս ուղղությամբ: Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ Հայաստանի հետ հարաբերությունների  ամրապնդումը ռազմավարկան կարևորության ունի Վրաստանի համար: Այս հարցում երեքն էլ համերաշխ են»։

Անդրադառնալով  մեր երկրի Մաքսային միությանը սպասվող անդամակցությանը, դեսպան Շարմանաշվիլին նշեց, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն բարեկամական հարաբերությունները անկախ այն հանգամանքից, թե ինչ կառույցների են նրանք անդամակցում, հիշեցնելով, որ երկու երկրների միջեւ գործում է ազատ առեւտրի մասին համաձայնագիր: Թենգիզ Շարմանաշվիլին հավաստիացրեց, որ Վրաստանը դրական վերաբերմունք ունի Հայաստանի ցանկացած որոշման նկատմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button