Հասարակություն

Հայաստանում կհիմնվի ռուսական գիմնազիա

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ռուսաստանի կրթության և գիտության փոխնախարար Ալեքսանդր Կլիմովի հետ հանդիպման ժամանակ առանձնացրել է Հայաստանում ռուսական գիմնազիա հիմնելու խնդրին: Նրա խոսքով` գիմնազիայի նախագիծն արդեն պատրաստ է, և ներկայումս ընթանում են համաձայնագրի շուրջ քննարկումները, հայտնում են ԿԳՆ- ից։

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի` հայերով խիտ բնակեցված մի շարք շրջանների պետական դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու հնարավորությանը: Նախարարը նշել է, որ Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները ցանկություն են հայտնում, որ իրենց երեխաները հնարավորություն ունենան սովորել հայերեն: Արմեն Աշոտյանը hույս է հայտնել, որ նախագծի իրականացումը կնպաստի նաև մշակութային բազմազանությանը:

Անդրադառնալով Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի գործունեությանը` նախարարը նշել է, որ հայաստանյան բուհերի շարքում Սլավոնականը գրավում է առաջատար դիրք` իր հետ բերելով կրթական նոր մակարդակ։

ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովն իր հերթին  կարևորել է ՌԴ դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու նախագծի իրականացումը՝ արտահայտելով նախարարության պատրաստակամությունը:  Վերջինիս խոսքով` ՌԴ-ում ընդունված կրթական ստանդարտները թույլ են տալիս ինչպես հիմնական դպրոցում, այնպես էլ նախադպրոցական հաստատություններում իրականացնել օտարալեզու դասընթացներ: Նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ ՌԴ կառավարության համար գերակա է համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերել հենց բուհերի ներսում այն գիտակրթական նախագծերին, որոնք հստակ արդյունք են տալիս:  Ալեքսանդր Կլիմովը շեշտել է, որ Սլավոնական համալսարանը ևս կարող է հայտ ներկայացնել` մասնակցելու վերոնշյալ ծրագրերին։

Հանդիպմանը ներկա Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն իր հերթին ընդգծել է, որ կրթության որակով համալսարանն այսօր կարող է մրցել Ռուսաստանի բարձրակարգ բուհերի հետ և կոչ արել միջկառավարական մակարդակում որոշակի աջակցություն ցուցաբերել գիտահետազոտական ծրագրերին` Ռուսաստանի գիտության բնագավառում հայկական գիտական մտքի ընթացքն ապահովելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button