Հասարակություն

Լրատվամիջոցների դեմ դատական հայցերի թիվն ավելացել է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այս տարվա երրորդ եռամսյակում 8-ով ավելացել են  լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի ու  զրպարտության հիմքով դատարան ներկայացվող  հայցերը՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 20-ի, այսօր ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա ներկայացրել է  լրագրողների իրավունքների խախտումների և խոսքի ազատության վիճակի  մասին 2013-ի երրորդ եռամսյակի զեկույցը: Ըստ ներկայացված տվյալների՝ արձանագրված խախտումներն ավելի շատ են, քան  2012-ի  նույն ժամանակահատվածում և ավելի քիչ,  քան՝ նախորդ եռամսյակում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եռամսյա և տարեկան պարբերականությամբ ներկայացնում է զեկույցներ Հայաստանում լրատվամիջոցների գործունեության միջավայրի և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ներկայացված վերջին՝ 2013-ի երրորդ եռամսյակի պատկերն արձանագրող զեկույցը լրատվամիջոցների համար այդ ժամանակահատվածը որպես  «լարված» է բնորոշում:

Ըստ  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ՝ նման գնահատականը պայմանավորված է հասարակական կյանքում տեղի ունեցած իրադարձություններով: Խոսքը, մասնավորապես, լրագրողների աշխատանքի նկատմամբ անհանդուրժողականության այն դեպքերի մասին է, որոնք արձանագրվել են քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ և ի պաշտպանություն Փակ շուկայի կազմակերպված քաղաքացիական ակցիաների ժամանակ: «Իհարկե, լրագրողներն ու լրատվամիջոցները պետք է լուսաբանեին այդ իրադարձությունները, բայց լուսաբանման ընթացքում, ցավոք, խոչընդոտման  տհաճ միջադեպեր են եղել»։

2013-ի երրորդ եռամսյակի ընթացքում  արձանագրվել է լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնության մեկ դեպք: Սա սեպտեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա   վարչական շրջանում գտնվող «Սուրբ երրորդություն» եկեղեցում news.am  կայքի լրագրողի և Սամվել Ալեքսանյանի միջև տեղի ունեցած միջադեպն է, որն այլ զարգացում չի ունեցել։

Լրատվամիջոցների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակն այս եռամսյակում հասել է 15-ի, դրանցից 6-ն են  քաղաքացիական շարժումների ընթացքում լրագրողների գործունեության խոչընդոտումները: Ի դեպ՝ կոմիտեն այդ ճնշումների մեջ ներառել է այն դեպքը, երբ Մաշտոցի պուրակում իրենք՝ ակտիվիստները, թույլ չտվեցին, որ մի քանի հեռուստաընկերություններ լուսաբանեն իրենց նախաձեռնությունը։ «Այդ առիթով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 5 այլ կազմակերպությունների հետ հայտարարությամբ հանդես եկավ. մի կողմից՝ նշեցինք այդպիսի խոչընդոտման անթույլատրելիությունը, մյուս կողմից՝ այդ հեռուստաընկերություններին կոչ արեցինք ուշադրության կենտրոնում պահել շարժումը և օբյեկտիվորեն լուսաբանել այն»։

Լրատվամիջոցների դեմ ճնշումների մեջ ներառվել են նաև այն հայցերը, որոնք դատարան են ներկայացվել 2013-ի երրորդ եռամսյակի ընթացքում: Իսկ դրանք եղել են 8-ը ՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ վիրավորանքի ու զրպարտության հիմքով դատական հայցերի ընդհանուր թիվն այս տարվա 9 ամիսների կտրվածքով հասցնելով 20-ի։ «Եթե համեմատենք 2012-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա պետք է նշենք, որ 2 անգամով դատական գործերի քանակն աճել է»։

Հակառակ լրատվամիջոցների դեմ ներկայացվող դատական հայցերի քանակի  նման աճին՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նշում է նաև դրանց քննության որակի փոփոխությունը:  Դատարանները, ըստ Աշոտ Մելիքյանի,  փոքր-ինչ վերանայել են իրենց մոտեցումները զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող հայցերի  քննության ընթացքում. սկսել են ավելի հավասարակշռված քննել  այս բնույթի վեճերը, հրաժարվել են փոխհատուցման դրամական պահանջները վերին շեմերով բավարարելու մոտեցումից։

Ի դեպ՝ դատական  8 գործերից երկուսը ուշագրավ են նրանով, որ լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնողը նույնպես լրատվամիջոց է: Դրանիցի մեկով, օրինակ,  «Շանթ» հեռուստաընկերությունը  վիճարկում է «Իրավունք»  թերթում  տպագրված և «Շանթի հերթական գցոցին» վերնագրով հրապարակմամբ տարածված տեղեկությունները: Հեռուստաընկերությունը թերթից հերքում և 3 մլն դրամ փոխհատուցում է պահանջում ՝ վիրավորանքով ու զրպարտությմաբ պատճառված  վնասի դիմաց։

Ցուցադրել ավելի
Back to top button