Հասարակություն

Ինչպիսի աղբահանության համակարգ կա երկրում, այդպիսին էլ պետության վիճակն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ապրիլին «Սիվիլիթաս» հիմնադրամի անցկացրած հարցումներով պարզվել է, որ մայրաքաղաքում աղբահանության խնդիրն այսօր հրատապ է ու շուտափույթ լուծման կարիք ունի: Այս խնդրի լուծման իրենց եղանակներն են լրագրողներին ներկայացրել  էկոլոգիական փորձագետ Արման Վերմիշյան ու Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը, ով խոստովանել է, որ մայրաքաղաքում այսօր աղբահանությունը չի կատարվում եվրոպական չափանիշներին համապատասխան: Փորձագետն էլ նշել է, որ  ինչպիսի աղբահանության համակարգ կա երկրում,  այդպիսին էլ պետության վիճակն է։

Աղբահանությունը մշակույթ է, որը մեր ազգաբնակչության մեջ դեռևս ձևավորված չէ, այսպես բնորոշեց իրավիճակը Հայաստանում քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը: 12 վարչական շրջաններում 12 մասնագիտացված կազմակերպություններ զբաղվում են մայրաքաղաքի աղբահանությամբ:  Ոլորտը կարգավորողի տեղեկացմամբ` մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքում գոյանում է 1300-1400 տոննա կոշտ կենցաղային  թափոն, որի հիմնական մասը տեղափոխվում է Նուբարաշենի աղբավայր։

Եթե այսպես շարունակվի, ապա Նուբարաշենի աղբավայրը կծառայի 10-ից 15 տարի, ասաց Ահարոնյանը՝ միաժամանակ խոստովանելով, որ Երևանում աղբահանությունը  դեռևս գերազանց չի կատարվում: Խնդրի լուծման համար, քաղաքապետարանի աշխատակցի խոսքով, իրենք գնում է  խնդրի արմատական  լուծման ճանապարհով: Այս տարի  Երևանի քաղաքապետարանը հայտարարել է միջազգային մրցույթ Երևանի աղբահանության, սանմաքրման, ինչպես նաև ձմռանը մաքրման աշխատանքների իրականացման համար: Մրցույթում հաղթած շվեդական և լիբանանյան կազմակերպությունները 2014 թվականի ապրիլի մեկից կզբաղվեն վերը նշված աշխատանքներով։

Աղբի վերամշակման և տեսակավորման համար Երեւանի քաղաքապետարանը Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի հետ ունի  ապագայում  աղբի վերամշակման կամ տեսակավորման գործարան ստեղծելու պայմանավորվածություն: Չնայած աղբի վերամշակման  մասին խոսվում է դեռևս խորհրդային տարիներից, սակայն Ահարոնյանը հույս հայտնեց, որ ստեղծվելիք գործարանը խնդիրը կլուծվի։ էկոլոգիական տնտեսության ոլորտի փորձագետ Արման Վերմիշյանի կարծիքով` պետք է մտածել ոչ թե աղբի տեսակավորման և վերամշակման, այլ դրա կրճատման մասին։ «Բնապահպանական ՀԿ-ները  քննարկումներ են իրականացրել և պատկերացրեք սեղանին միշտ դրվում է  պլաստիկ շշեր: Սա հենց այդ մշակույթի հարցն է, որ նույնիսկ մենք` բնապահպաններս, շատ հաճախ ուշադրություն չենք դարձնում։ Ի՞նչն է խանգարում, որ, օրինակ, նույն  կառավարության նիստերի կամ տարբեր քննարկումների ժամանակ սկզբունք լինի, որ սեղանին լինեն ապակե շշով ջրեր»։

Բնապահպանի խոսքով՝ արդեն հաշվարկել են, թե ինչքան և ինչ ծավալի  աղբամաններ են պետք տեղադրել քաղաքում, այդ հաշվարկների արդյունքում պարզ է դարձել, որ  պլաստիկը, թուղթը, մետաղները առանձին հավաքվեն, օրգանական թափոնները՝ առանձին , ընդհանուր աղբը՝ առանձին, իսկ կենցաղային հատուկ թունավոր թափոնները, որոնք առանձնահատուկ մոտեցում են պահանջում  և դրա վերամշակման լուծումն էլ դեռ անհայտ է, առանձին հավաքվեն։

Ցուցադրել ավելի
Back to top button