Հասարակություն

Տ. Սարգսյան. ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի ցկյանս

Մոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր մեկնարկել է Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովը, որը նվիրված է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին: Համաժողովն անցկացվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Հայաստանի նախագահության շրջանակներում: Համաժողովի մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով իր խոսքում նշել է, որ բարձրագույն կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ՝ սկսած մանկապարտեզից, դպրոց, բուհ և վերապատրաստման ծրագրեր, քանի որ «ժամանակակից աշխարհում կրթությունը պետք է լինի ցկյանս»:

2012 թվականին Հայաստանը ստանձնեց Բոլոնիայի քարտուղարությունը 3 տարի ժամկետով: Բոլոնիայի գործընթացի առանցքային ուղղություններից է որակավորումների ազգային շրջանակների մշակումը` Եվրոպական որակավորումների շրջանակին համապատասխան: ԿԳ նախարարության կողմից այս օրերին կազմակերպած Եվրամիության Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովը նվիրված է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացման խնդիրներին:

Համաժողովի առանցքում Որակավորումների ազգային շրջանակների ներդրման մարտահրավերներն են, ուղղությունները, համադրելիությունը եվրոպական որակավորման շրջանակին, ինչպես նաև ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը: Հանդիպմանը ներկա էր նաև հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ողջունելով համաժողովը` վարչապետը նշեց, որ համաժողովի թեման շատ արդիական է և կառավարության օրակարգում։ Վարչապետի խոսքով` կրթական համակարգի արդիականացման համար յուրաքանչյուր երկիր գտնում է իր ճանապարհը: Դրա համար, սակայն, առաջին հերթին անհրաժեշտ են ճիշտ մարդիկ, ովքեր կիսում են այդ տեսլականը  և պատրաստ են իրենց կյանքը նվիրել այդ խնդիրների իրականացմանը, նշեց Տիգրան Սարգսյանը` հույս հայտնելով, որ այսօրվա համաժողովը կհուշի հաջողության հասնելու գաղտնիքները։

Այսօրվա նախարարական համաժողովը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող կրթական բարեփոխումների շրջանակներում Հայաստանն ունի իր ուրույն դերն ու ասելիքը  ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ավելի գլոբալ քաղաքական տարածքներում, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Հայաստանն արդեն ավարտել է Բոլոնիայի գործընթացի կառուցվածքային բարեփոխումների փուլը, առջևում բովանդակային բարեփոխումների փուլն է, որն իրականացնելու համար անհրաժեշտ է շատ ավելի մեծ ուշադրություն, ասաց ԿԳ նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button