Քաղաքական

Պատգամավորը չի հավատում Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցելուն

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 11-14-ը խորվաթական Դուբրովնիկ քաղաքում կայացավ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանը, որին, ի թիվս 28 երկրների պատգամավորների, մասնակցել է նաև հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունը։ Համաժողովում քննարկվել է17 զեկույց և դրական եզրակացությամբ ընդունվել է 7 բանաձև։ 

Քանի որ ՆԱՏՕ-ն ռազմա- քաղաքական կառույց է, այս կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի օրակարգի հարցերը հիմնականում վերաբերվել է անվտանգության ոլորտին: Ի թիվս այլ հարցերի՝ Դուբրովնիկում կայացած տարեկան նստաշրջանի մասնակիցներն անդրադաձել են Սիրիայում և Աֆղանստանում առկա իրավիճակին: Ինչպես նշեց հայկական պատվիրակությունը ղեկավարած Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի  նախագահ Կորյուն Նահապետյանը, ինքը իր մտահոգությունն է հայտնել սիրիական իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ ռազմական գործողությունների արդյունքում մեծ զրկանքներ է կրում նաև բազմահազարանոց  սիրիահայ համայնքը։

Ընդհանուր առմամբ՝ Կորյուն Նահապետյանն իր գոհունակությունը հայտնեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի և մեր պատվիրակության ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունից։

Ըստ մեր պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Թևան Պողոսյանի, հայ պատվիրակները բավականին ակտիվ մասնակցություն են ունենում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի աշխատանքներին։ Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ հաջորդ տարի մեր երկիր ՆԱՏՕ-ի ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի այցի շուրջ, որը կնախորդի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին։

Արդյո՞ք Հայաստանի նախանշված անդամակցությունը Մաքսային և հետագայում Եվրասիական միություններին կարող է անդրադառնալ մեր երկրի և Հյուսիս-ատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների վրա:  Պատասխանելով հարցին՝ Կորյուն Նահապետյանը նշեց, որ որևէ մտահոգությմուն չի նկատել ԽՎ-ի իր գործընկերների մոտ այն իմաստով, որ դա կարող է հակասել ՆԱՏՕ-ի հետ առկա գործըկերային հարաբերությունների զարգացմանը։

Իսկ ահա Թևան Պողոսյանը խոստովանեց, որ ինքը առանձնապես չի  հավատում, որ ի վերջո Մաքսային միությանը մեր երկրի անդամակցությունը կկայանա։

Back to top button