ԿարևորՔաղաքական

Հունգարացի ուսանողների ԼՂՀ այցը «հետաքննում է» Ադրբեջանի դեսպանատունը

Հունգարիայում Ադրբեջանի դեսպանտությունը հետաքննում է այն լուրերը, թե հունգարացի ուսանողների խումբը հայագիտության պրոֆեսոր Բալինթ Կովաչի գլխավորությամբ այցելել է Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ- ն։

Արցախյան karabakh-open.info կայքը հոկտեմբերի 15- ին հայտնել էր հունգարացի ուսանողների՝ Արցախի պետական համալսարանում ունեցած հանդիպումների մասին։ Նրանց դասախոսը՝ Բալինթ Կովաչը հանդիպումից հետո լրագրողների հետ խոսել Ռամիլ Սաֆարովի արտահանձնման մասին՝ նշելով, որ դա ոչ թե հասարակ հունգարացիների, այլ կառավարության դիրքորոշումն էր՝ հույս հայտնելով, որ երկու ժողովուրդների հետագա հարաբերություններին չի խանգարի։

«Իհարկե ես միայն դասախոս եմ եւ ի զորու չեմ քաղաքական որոշումներ կայացնել, սակայն հուսով եմ, որ մեր քաղաքական գործիչները ելքեր կգտնեն իրավիճակը շտկելու համար։ Այս այցն ապացույցն է այն բանի, որ հունգարացիները եւ հայերը բարեկամներ են եւ բարեկամական հարաբերությունները պիտի շարունակվեն»,- ասել է նա։

Բալինթ Կովաչն իր ուսանողների հետ 1 ճանաչողական այցով Հայաստանում եւ Արցախում են եւ հանդիպումներ են ունեցել հայ ուսանողների հետ։ Արցախի պետհամալսարանում կայացած հանդիպման ժամանակ հայ-հունգարական հարաբերությունների, Հունգարիայի անկախությանն իրենց ավանդը ներդրած հայերի, Հունգարիայում հայկական Սփյուռքի եւ այլ թեմաների շուրջ զեկույցներով հանդես են եկել հունգարացի ուսանողները, իսկ արցախցի ուսանողների ելույթները վերաբերում էին հայ-հունգարական ներկայիս հարաբերություններին։

Կովաչի խոսքով՝ հունգարացիների համար հայոց պատմությունը շատ հետաքրքիր է, որովհետեւ դեռեւս 17-րդ դարում հայերն ապրել են Հունգարիայում։ Տրանսիլվանիայում 4 հայկական գաղթօջախներ կան։ Հայերն օգնել են հունգարացիներին հեղափոխության ժամանակ՝ թե մարտի դաշտում, թե տնտեսության զարգացման գործում։

Հունգարական բանակում եղել են հայ գեներալներ։ Հայկական մշակույթը շատ կարեւոր դերակատարություն ունի. անցած ամռանը Բուդապեշտում կազմակերպվել է հայկական ցուցահանդես, որտեղ ներկայացվել են հայկական հին Աստվածաշունչներ, որոնք պահվում էին Տրանսիլվանիայի գրադարաններում, եւ ղարաբաղյան գորգեր։

«Ղարաբաղը Հայաստանի մշակույթի անքակտելի մասն է կազմում։ Կարծում եմ՝ քրիստոնեությունը միացնում է հունգարացիներին եւ հայերին, եւ իմ ուսանողները՝ լինեն կաթոլիկ, թե ուղղափառ, այստեղ են նաեւ հավատքի հետքերով։ Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմենք հայկական մշակույթի մասին, անհրաժեշտ ենք համարում լինել ոչ միայն Երեւանում, Տաթեւում, այլեւ Արցախում՝ Գանձասարում, Շուշիում։ Հունգարիայում կշարունակենք ուսումնասիրել հայոց պատմությունը, եւ հետագայում, վստահ եմ, մեր ուսանողներն իրենց թեզի թեմա կընտրեն Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ Նախիջեւանի պատմությունը, որը Հայաստանի մի մասն է» ,- հունգարացի հայագետի խոսքն է մեջբերել karabakh-open.info— ն։

Ցուցադրել ավելի
Back to top button