Հասարակություն

Հետընտրական շրջանում ԶԼՄ- ներն ակնհայտ հետընթաց են ապրում, ասում է ԵՄԱ նախագահը

 Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Շատերի համար գուցե անպասելի էր, բայց հայկական լրատվամիջոցների աշխատանքը ընտրական ժամանակահատվածում գնահատվեց բավականին բարձր ինչպես որակի չափորոշիչներ սահմանող միջազգային կազմակերպոււթյունների, այնպես էլ տեղական հասարակական ու քաղաքական կառույցների կողմից: Երևանի մամուլի ակումբի՝ Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացրած հարցումները պարզեցին, որ գործընկեր  վեց երկրների ցանկում խոսքի ազատության մակարդակով Հայաստանը  երկրորդ տեղում է՝ առաջ անցնելով նույնիսկ Ուկրաինայից, ետ մնալով՝ Վրաստանից և Մոլդովայից։


«Հետընտրական ամիսներին, սակայն, հայկական լրատվադաշտն ակնհայտ հետընթաց է ապրել»,- արձանագրում է Բորիս Նավասարդյանը։ 
Խոսքը վերաբերում է մասնավորավել Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ թեմայի լուսաբանմանը։ Առավել մեծ լսարան ունեցող առաջատար լրատմամիջոցներում վերոնշյալ թեման, ըստ Նավասարդյանի, լուսաբանվում է միակողմանի, չկան խորքային վերլուծություններ: Իսկ այն լրատվամիջոցները, որտեղ թեմայի վերաբերյալ  կա որոշակի քննադատություն կամ առավել ընդգրկուն անդրադարձ,  ուղղորդված լուսաբանման տպավորություն են թողնոմ։

Հեշտ մանիպուլիացիայի ենթարկվելու հայկական լրատվամիջոցների առանձանահատկությունը Բորիս Նավասարդյանը պայմանավորում է մի քանի գործոններով. սուր խնդիրների մեջ խորանալու առումով հայկական լրատամիջոցները կաշկանդված են: Մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում և տեղյակ  են  քաղաքական կարևոր զարգացումներին, բավականին փակ են, իսկ խոսելիս միշտ չէ, որ ասում են այն, ինչ մտածում են: Էական գործոններից է նաև քաղաքական ուժերի չափազանց մեծ ազդեցությունը լրատվամիջոցների վրա: «Հայկական լրատվամիջոցները  հիմնականում  զբաղված են ոչ թե հանրային շահի, այլ քաղաքական այս կամ այն ուժի շահերի սպասարկմամբ»,- ասում է Բորիս Նավասարդյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button