Վերլուծական

Թուրքիայի մասին ԵՀ զեկույցը եւ Հայաստանի անելիքները՝ ըստ թուրքագետի

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հրապարակել է Եվրահանձնաժողովի հերթական` 16-րդ զեկույցը, որը ցույց է տալիս թե որքանով է առաջընթաց գրանցել Թուրքիան Եվրամիության անդամակցության ճանապարհին: Ըստ թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի՝ ընդհանուր առմամբ այն դրական է Թուրքիայի համար: Փոխարենը՝ մտածելու և գործնական քայլեր ունի անելու հայկական կողմը: Հայ- թուրքական փակ սահմանի մասին, եթե նախկին զեկույցներում նշվում էր, որ Թուրքիան է մեղավոր, ապա այս զեկույցում մատնացույց են արվում հայ- թուրքական արձանագրությունները։

Եթե  մինչև 2009 թվականը` մինչեւ հայ-թուրքական արձանագրությունները, Եվրահանձնաժողովի զեկույցներում նշվում էր, որ Թուրքիան է փակ պահում հայ-թուրքական սահմանը, ապա վերջին 4 տարվա ընթացում մատնացույց են արվում արձանագրությունները: Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանի կարծիքով՝ հայկական կողմն անելիք ունի այս առումով պատկերն այլ կերպ ներկայացնելու հարցում։ «Արձանագրությունները պատճառ դարձան, որ մեղմացվի Թուրքիայի մասին զեկլույցը: Աշխատանք պետք է տանել նախկին ձևակերպումները վերականգնելու համար»,- ասում է։

Բացի դա, ի տարբերություն նախորդ տարվա զեկույցի, այս տարի բացակայում է ծպտյալ հայերի հիշատակումը. անցած տարի առաջին անգամ բարձրացվեց այն, որն ուշագրավ էր նկատեց թուրքագետը։ Եվրահանձնաժողովի Թուրքիայի մասով ներկայացրած զեկույցում քննադատվում է Գեզի զբոսայգում տեղի ունեցած իրադարձություններին` Թուրքիայի իշխանությունների ոչ համաչափ արձագանքը: Հիշատակվում է 6 զոհերի եւ 8 հազարի հասնող վիրավորների մասին, իբրև բացասական արձագանք առանձնացրեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը: Սուր քննադատություն կա նաև Կիպրասի հարցում, քանի որ դեռևս մերժվում է Կիպրոսի հետ հարաբերությունների հաստատման առաջարկությունները։

Զեկույցում  կան դրական շեշտադրումներ, ողջունելի է համարվում «ժողովրդավարական փաթեթի» հրապարակումը, մասնավորապես՝ նշվում է, որ բանակցությունները քրեդերի հետ կարևոր են, և որ պետք է առաջ մղվի ներկա առաջընթացը: Նշվում է նաև, որ  Թուրքիայի նախագահին այդպիսով հաջողվել է նպաստել բևեռացված մթնոլորտի մեղմացմանը։

Զեկույցում թեևորևէ հիշատակում չի արվում Հայոց ցեղասպանության մասին, սակայն Անկարան այդ ուղղությամբ աշխատանք է տանում: 2015 թվականի նախաշեմին Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր մոտ է հրավիրում տարբեր երկրներում Թուրքիայի դեսպաններին ու հատուկ հաձնարարականներ տալիս, թե ինչպես պատրաստվել  ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Ընդհանուր առմամբ՝ ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի՝ դեռ վաղ է խոսել Թուրքիայի ԵՄ անդամակցության մասին: Այդ ուղղությամբ Թուրքիային առաջարկվել է 33 փաթեթ, սակայն 8 գլխի վրա արգելք է դրվել, 10-ից ավելի  փաթեթ բացվել է, սակայն աշխատանքները դանդաղ են ընթանում, ինչը հիմք է տալիս թուրքագետին կարծելու, որ դեռ  բավականին աշխատանք կա անելու և վաղ է խոսել Թուրքիայի ԵՄ անդամակցելու ժամկետների մասին։

Back to top button