Քաղաքական

Զարուհի Փոստանջյանին ուղղված կոչերը էմոցիոնալ են, բայց՝ ոչ սպառնալիք, ասում է ՀՀԿ պատգամավորը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ոստիկանների ուղեկցությամբ Երեւանում իր տեղաշարժվելու փաստին: Իր հասցեին հնչեցված սպառնալիքները Փոստանջյանը չի ցանկացել համարել չափազանցություն` պնդելով՝ քանի դեռ լրատվամիջոցներում մատչելի են այդ կոչերը` իրավապահները պարտավոր են զբաղվել դրանով եւ մեղադրանք առաջադրել նման կոչ հնչեցնողի նկատմամբ: Հիշեցնենք, որ խոսքը սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի` սոցցանցում տեղադրած հայտարարության մասին է, համաձայն որի` առաջարկվում է Զարուհի Փոստանջյանին այրել խարույկի վրա»։

Հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ պետք է նախ ինքներս մեզ հարցնենք եւ հարց տանք «Ժառանգություն» կուսակցությանը, թե որ պահին եւ ում ջրաղացին էր ջուր լցնում Զարհուհի Փոստանջյանը։ Ինչ վերաբերում է Փոստանջյանի անվտանգությանն առնչվող մտահոգություններին` Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ դրանք ընդամենը ինքնաարժեւորման, ինքնադրսեւորման համար արվող քայլեր են։ Հնչած հայտարարությունները որոշ դեպքերում էմոցիոնալ են, բայց ոչ սպառնալիք, ասաց հանրապետական պատգամավորը։

Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկի` Վլադիմիր Պուտինին Զուրի Բալայանի հղած նամակի մասին Մկրտիչ Մինասյանը կարծիք հայտնեց, որ դրանում ընդամենը փաստվում է պատմական իրողությունը: Այնտեղ տող անգամ չկա Ղարաբաղը Ռուսաստանին հանձնելու վեաբերյալ, ինչպես պնդում են շատերը, ասաց։ Այլ հարց է, որ ոմանք կարող են այդ կարծիքը կիսել, ոմանք` ոչ:

Զորի Բալայանը հայ ժողովրդի շարժման ակունքներում կանգնած անձնավորություն է եւ նրան մեղադրել, որ ինքնորոշման կամ անկախության դեմ է գործում` շտապողականություն է եւ ճիշտ չէ, հայտարարեց հանրապետական պատգամավորը: Նրա կարծիքով` անհրաժեշտության դեպքում հրապարակախոսը եւս մեկ անգամ կպարզաբանի եւ կբացատրի, թե ինչու է հանրության մի մասն իրեն վատ հասկացել:

Ինչ վեաբերում է հանգամանքին, որ տվյալ նամակը պատասխան չի ունենա, ինչպես նշել են ՌԴ նախագահի մամուլի գրասենյակից, նշանակում է նամակում արված հարցադրումներն ընդունվել են ի գիտություն, ինչը նույնպես որոշում է, եզրափակեց Մկրտիչ Մինասյանը:

Back to top button