Քաղաքական

Դ. Հարությունյան. Վարքագծի կանոնները խախտելու համար պատգամավորի գործունեությունը կասեցնելը կամ տուգանելը նպատակահարմար չի

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր լսումներ է հրավիրել  «Պատգամավորի վարքագծի կանոնները»  թեմայով: Քննարկմանը մասնակցել են  նաև խորհրդարանական էթիկայի հարցերում մասնագիտացած  միջազգային փորձագետներ: Ի՞նչ խնդիրների են բախվում  խորհրդարանները պատգամավորների վարքագիծը կանոնակարգելիս, որքանո՞վ են արդյունավետ գործող կանոնագրքերն ընդհանրապես  ու արդյո՞ք  խնդիրները նույնն են Հայաստանում ու Հայաստանից դուրս։

Էթիկայի կանոնների խախտո՞ւմ է արդյոք դեպքը, երբ խորհրդարանի անդամը որոշում է գործուղման մեկնելու իր  բիզնես կարգի տոմսը փոխել էկոնոմ կարգի տոմսով ու գրպանել  գումարը,  կամ արդյո՞ք կոռւպցիայի  դրսևորում է այն իրավիճակը, երբ խորհրդարանի անդամն իր ազդեցությունն օգտագործելով փորձում է օգնել ազգականներին համալսարան ընդունվելու հարցում: Ինդոնեզիայում, օրինակ խորհրդարանի անդամների 92 տոկոսը կարծում է, որ այո, իսկ ահա Միացյալ Թագավորությունում այդպես կարծողները  62 տոկոս են կազմում։

Էթիկայի կանոններն  աշխարհում տարբեր  են, չկա միասնական մոտեցում էթիկայի և հակաէթիկայի հարցում, ասում է խորհրդարանական էթիկայի գծով միջազգային փորձագետ Ռիկ Սթեյնհերստը։ «Պատգամավորի վարքագծի կանոնները»  թեմայով լսումների ժամանակ նա նկատեց, որ պատճառը ոչ միատարր արժեքային համակարգն է:

Այս դիտարկման արձագանքեց ԲՀԿ խմբակցության քարտուղար նաիրա Զոհրաբյանը: «Եթե շատ անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ Ձեր թվարկած բոլոր կետերում, բացի մեկից` բիզնես կարգի տոմսը վաճառել և գնել ավելի ցածր կարգի տոմս ու գրպանել գումարը, մնացած բոլորի դեպքում կարելի է 131 պատգամավորներիցս ամեն մեկին մեղադրել վարքականոնի խախտման մեջ»։ Ավելին, ըստ Զոհրաբյանի,  շատերի դեպքում դա ոչ թե խախտում  կհամարվի, այլ՝ կարգավիճակի հաստատում:

Պատգամավորը կարծիքով՝ բնութագրական է նաև այն, որ  էթիկայի ու վարքագծի կանոններին նվիրված լսումներին  131 պատգամավորից մասնակցում է 8-ը։ «Ներկա չեն այն պատճառով,  որովհետև հրաշալի հասկանում են, որ որևէ վարքականոն չի աշխատելու իր ողջ ուժով ու խստությամբ, որովհետև գիտեն,  որ կան օրենքից վեր կանգնած մարդիկ, խավեր, կուսակացություններ, քաղաքական թիմեր»։

Մենք էթիկայի տեսուչներ չենք ու այստեղ ենք ոչ թե ասելու, թե ինչ անեք դուք, այլ ասելու, թե ինչ կա աշխարհում: Իսկ աշխարհում կարծում են, որ էթիկայի ռեժիմների սահմանմամբ հնարավոր է վերահսկել պատգամավորի վարքագիծը:  Ճապոնիայում, օրինակ,  վարքագծի կանոնները խախտած պատգամավորին նախատում են և դրանք  հարգելու կոչով դիմում նրան: Իռլանդիայում, ըստ փորձագետի, կարող են կասեցնել պատգամավորական գործունեությունը, նաև տուգանք նշանակել, Ֆրանսիայում վարքականոնը  խախտած պատգամավորին արգելվում է մասնակցել հաջորդ ընտրություններին։

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանում վարքագծի կանոնները խախտելու համար պատգամավորի գործունեությունը կասեցնելը կամ տուգանելը նպատակահարմար չի լինի։ «Ես կարծում եմ, որ հանրային պատասխանատվությունը շատ ավելի կարևոր է և կախված է երկրի քաղաքական մշակույթից: Եթե Անգլիայում տուգանքը կիրառելի է,  դա չի նշանակում, որ Հայաստանում ճիշտ է այն կիրառել: Ես չեմ կարծում, որ դրա արդյունավետությունը ավելի բարձր է, քան այն հանրային հնչեղությունը, որ ստանում են Էթիկայի հանձնաժողովի որոշումները  հրապարակումից հետո»:

Դավիթ Հարությունյանն այժմ դե ֆակտո գլխավորում է Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը: Դե ֆակտո,  քանի որ դե յուրե այն այս նստաշրջանում պետք է ղեկավարեր ընդդիմության ներկայացուցիչը, բայց քանի որ ՀԱԿ-ը հրաժարվել է մասնակցությունից, հանձնաժողովի  ղեկավարի պարտականությունները  դրվել են փոխնախագահի՝ այս դեպքում ՀՀԿ ներկայացուցչի վրա։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովը որևէ անձի դիմումի հիման  վրա Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում պատգամավորի կողմից  Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ կամ որոշում է կայացնում  շահերի բախման ու  էթիկայի կանոնները խախտելու մասին: Գործունեության 2  տարիների ընթացքում հանձնաժողովը 21 դիմում է ստացել: Դրանցից 16-ը մերժել է վարույթ ընդունել, 5-ը ընդունել է, բայց դրանցից միայն 2-ով է խախտման վերաբերյալ որոշում կայացրել։ Էթիկայի կանոնները խախտած պատգամավորները  Սամվել Ալեքսանյանն ու Մհեր Սեդրակյանն են, առաջինը Վարդգես Գասպարիի ձեռքից պաստառը խլելու, երկրորդը՝ լրագրողին վիրավորելու համար: Մեր հարցին, թե քիչ չեն որոշումները, Դավիթ Հարությունյանը բրիտանացի փորձագետի մեջբերած վիճակագրությամբ պատասխանեց։ «Մեծ Բրիտանիայի փորձագետը նշեց, որ ըստ իրենց վիճակագրության, դիմումների 80 տոկոսը մերժվում է, քանի որ որևէ աղերս չունի էթիկայի կանոնների հետ: Ինչպես տեսնում եք, մեր դեպքում էլ նույն վիճակագրությունն է»։

Ցուցադրել ավելի
Back to top button