ԿարևորՄշակույթ

Վրաստանում ավելի մեծ ուշադրություն է դարձվում մշակույթին, ասում է Թբիլիսիի բեմի հայ աստղը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Հայաստանյան բալետի առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանը հանդես է գալիս վրացական բեմում: Վրաստանի Զաքարե Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի հետ կնքված բաց պայմագրով նա Թբիլիսում բեմ կբարձրանա մինչև տարեվերջ: Այս օրերին նա պատրաստվում է մի շարք ներկայացումների, որտեղ առաջատար մենապարող է։

Բալետի աշխարհառչակ պարուհի Նինո Անանիշվիլին դեռ մի քանի տարի առաջ էր ցանկություն հայտնել համագործակցել Հայաստանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրեմիեր պարող Ռուբեն Մուրադյանի հետ։ Եւ ահա ՝այս տարի հայաստանյան բալետի առաջատար մենապարողը պայմագիր կնքեց Անանիշվիլու ղեկավարած Զաքարե Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի հետ: Մուրադյանն իր այդ որոշումը բացատրում է մի քանի պատճառներով. նախ՝ Վրաստանը մոտ է Հայաստանին։ «Որովհետև մենք մեզ սփոփում ենք, որ մոտ ենք, երբ ուզենք կգնանք Երևան։ Ես ու կինս (կինը նույնպես պայմանգրով որպես դաշնակահար հանդես է գալիս նույն թատրոնում) շատ կապված ենք մեր քաղաքի հետ, ես իմ թատրոնի, իմ տան և այն ամենի, ինչը հայրենիքիս հետ է կապված», ասում է արտիստը։

Նա նշում է, որ յուրաքանչյուր արվեստագետ պետք է ժամանակ առ ժամանակ դուրս գա իր երկրից, տեսնի, թե ինչ է կատարվում աշխարհում: Նա չի կարծում, որ Վրաստանում բալետն ավելի բարձր մակարդակի վրա է, ուղղակի իր համար նոր է ու հետաքրիր։ Բացի այդ՝ բաց պայմանգիրը նման առավելություն ունի, «երբ Հայաստանում իմ կարիքն զգացվի, կարող եմ գնալ և պարել: Իսկ եթե այլ հրավերներ լինեն, կարող եմ ընդունել»:

Հաջորդ ամիս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կբեմադրվի «Սպարտակը», որտեղ գլխավոր դերում հանդես կգա Ռուբենը:  Վրաստանում նույնպես նա գլխավոր դերապարերով ընդգրկված է մի շարք բերմադրություններում: Դրանցից մեկը անվանի խորեոգրաֆ Ժիրի Կիլյանի բերմադրած La petite mort (փոքրիկ մահ) ներկայացումն է։ «Այժմ զուգահեռ փորձեր է անում նաև հայտնի պարուհի Նինո Անանիշվիլու հետ վերը նշված կամ «Կարապի լիճ», «Ժիզել» ներկայացումներում միասին հանդես գալու համար:

Իսկ այս օրերին նա հանդես է գալիս The Secret Garden (խորհրդավոր այգի) և «Սագալոբելի» (հիմն) կոչվող ներկայացումներում առաջատար մենակատարի դերում : Վերջինս հիմքը վրացական ազգային երաժշտությունն է: Հայաստանյան բալետի առաջատար մենապարողըՎրաստանում ավելի հաճախ է բեմ բարձրանում: Իսկ Երևանում, աշխատելով թատրոնում, կարոտում էր բեմը։ «Խաղացանկն էր հիմնական պատճառը. այստեղ ավելի քան 50 ներկայացում կա: Մեր թատրոնում պետք է խաղացանկը վերանայվի, բարելավվի, պրեմիերաներ շատ լինեն.. .ինչը որ այս խաղաշրջանից արվում է»:

Խաղացանկի նման վիճակը գալիս է ֆինանսական խնդիրներից: Վրաստանում ավելի մեծ ուշադրություն է դարձվում մշակույթին: Ընդհանրապես աշխարհի շատ թատրոններ ոչ միայն պետության կողմից են ֆինանսավորվում, այլեւ՝ հովանավորների: Վրաստանում ևս մնան բան կա. «Հայաստանում դժվար է համոզել օլիգարխների կամ ինչ-որ մեծ ընկերությունների ուշադրություն դարձնել բալետին»:

Բայց շատ բան էլ կախված է բալետմայստերից, կարծում է Ռուբեն Մուրադյանը: Վրաստանի Զաքարե Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ղեկավար Նինո Անանիշվիլին կարող է Թբիլիսի հրավիրել հայտնի խորեգրաֆների, ունի հիանալի կապեր աշխարհի լավագույն թատրոնների հետ և ինքն էլ հանդես է գալիս մի շարք լավագույն բեմերում: Անանիշվիլին ցանկանում է, որ գալիք տարվանից պայմագիրը երկարեցնի Ռուբեն հետ: «Կարծում եմ դրա մասին դեռ վաղ է խոսելը: Մինչև պայմանգրի ավարտը պարզ կլինի իմ որոշումը:  Հետո կրկին վերադառնալու ենք Հայաստան, շարունակելու աշխատել միմիայն մեր բեմում, մեր թատրոնում »:

Ցուցադրել ավելի
Back to top button